Մատչելիության հղումներ

Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, շեշտում է Հայաստանի ԱԽ քարտուղարը


Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի գործոնով, Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը կարևոր է համարել արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմը ակնհայտ դարձրեց այն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական, առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին», - նշել է Գրիգորյանը:

Նա ընդգծել է նաև, որ հայկական կողմի համար առաջնային է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը:

«Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը», - նշել է ԱԽ քարտուղարը:

Ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ՝ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը, այն համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը:

«Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը», նշել է Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի»:

ԱԽ քարտուղարը նաև խոսել է այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացված Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զիված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները:

«Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է», - հայտարարել է Գրիգորյանը՝ ընդգծելով՝ պետք է կանխել վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը:

ԱԽ քարտուղարի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ․ - «Ի լրումն այս ամենի, անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջաաականության դեմ ցանկացած ոտնձգությանը»

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG