Մատչելիության հղումներ

Բաքվի «ռազմական ավարի պուրակը»՝ միջազգային քննադատության առարկա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական ավարի պուրակում», Բաքու, 12-ը ապրիլի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական ավարի պուրակում», Բաքու, 12-ը ապրիլի, 2021թ․

Պաշտոնական Բաքուն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին խորհուրդ է տալիս սեփական երկրի խնդիրներով զբաղվել։

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ֆրանսիացի դեսպան Ժոնաթան Լաքոթի մեկնաբանությանը Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» բացման վերաբերյալ։

Դեսպան Լաքոթը մասնավորապես հայտարարել էր, թե պատերազմը չպետք է ներկայացում բեմադրելու առարկա դառնա։ Երևանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է, գերիների վերադարձը, երկխոսության վերսկսումը։

Ադրբեջանական նոր թանգարանի վերաբերյալ բազմաթիվ բացասական մեկնաբանություններից պաշտոնական Բաքվի ուշադրությունը գրավել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանինը։

«Ինչ-որ հարց մեկնաբանելուց առաջ լավ կլիներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նայեր իր երկրին և ուշադրություն դարձներ, թե ինչպես են հարցերը լուծվում այնտեղ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հավելելով, որ միջնորդ հանդիսացող երկրի ներկայացուցիչը պետք է առավել պատասխանատու վերաբերվի մեկնաբանություններին։

Հիշեցնենք՝ այս շաբաթ ադրբեջանական թանգարանների շարքը համալրվեց ևս մեկով, որի նմանօրինակը աշխարհում ընդամենը մի քանիսն են, որոնք էլ բացվել են Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի նախաձեռնությամբ։

Բաքվում բացված պատերազմի այդ թանգարանում բացի հայկական զինտեխնիկայից ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։

Բացօթյա այդ թանգարանի հանդիսավոր բացմանն անձամբ է ներկա եղել նախագահ Իլհամ Ալիևը և հրճվանքը չթաքցնելով լուսանկարվել այդ տեսարանների ֆոնին։

Համացանցում տարածված այդ լուսանկարները ոգևորությամբ են դիմավորել թերևս միայն Ադրբեջանի քաղաքացիները, դրսում այդ տեսարաններն ընկալվել են որպես հայատյացության ցցուն օրինակ։

Բռնապետից մինչև պատերազմական հանցագործ են անվանում Ալիևին միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ: Իրենց նախագահին քննադատող քաղաքացիները, սակայն, հատուկենտ են․ ադրբեջանական սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել հայտնի պատմաբան Ալթայ Գյոյուշովի բացառիկ մեկնաբանությունը․ - «Երևի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին և դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին», - Ֆեյսբուքում գրել էր ադրբեջանցի պատմաբանը՝ հարուցելով հայրենակիցների զայրույթը։

«Ռազմական ավարի պուրակը արտաքին և ներքին թշնամիների աչքը հանելու համար է։ Հաղթողներին չեն դատում։ Եթե որևէ մեկն իրեն վատ է զգում, թող խեղդվի Կասպից ծովում», - պատասխանել է ադրբեջանցի օգտատերերից մեկը։

«Սրանք հանկարծ սկսել են սիրել հայկական սաղավարտները», - գրել է մեկ ուրիշ օգտատեր՝ հավելելով․ - «Ցուցադրում ենք դատարկ սաղավարտները, լավ ենք անում»։

XS
SM
MD
LG