Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ղեկավարության վարքագիծը հիմք չի տալիս կառուցողականություն ակնկալելու, ընդգծում է Հայաստանի ԱԳՆ խոսնակը


Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ առաջիկայում նախատեսված չեն, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս նրանից կառուցողականություն ակնկալելու։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ «Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ», Նաղդալյանը հայտարարել է․ - «Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով»:

«Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։

Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Աննա Նաղդալյանը՝ շեշտելով․ - «Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»:

Իլհամ Ալիևը նույն համաժողովի ժամանակ հայտարարել է, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է, արտահայտել նկրտումներ Երևանի և Սևանի նկատմամբ։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն ընդգծել է․ - «Զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ»:

Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները, Նաղդալյանի խոսքով, խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG