Ազգային ժողովում այսօր մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, օրակարգում 33 հարց է:
Նիստի մեկնարկին պատգամավորները նախ դատապարտեցին Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այն համարեց ապտակ ոչ միայն մարդկությանն, այլև համամարդկային արժեքներին։
«Այն հայատյատության բարձր մակարդակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անժխտելի և անբաժանելի մաս է կազմում, ի ցույց դրվեց ամբողջ աշխարհին։ Ես, համոզված եմ նաև իմ գործընկերը, միջազգային տարբեր կառույցներին արդեն հասցրել են ազդակներ։ Սա նվաստացում է, սա անարգանք է մեր զոհերի նկատմամբ, մեր անհետ կորածների և գերեվարվածների նկատմամբ», - հայտարարեց Բաղդասարյանը՝ նշելով՝ այս հարցում պետք է չլինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, - «Բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արման Աբովյանը՝ հայտարարելով․ - «Թուրքիան և Ադրբեջանը թշնամի պետություններ են, այո՛, բարբարոս պետություններ են։ Հիմնասյունն իրենց գաղափարախոսության դա ոչ միայն Հայաստանի և Արցախի քաղաքական մեկուսացումն է, այլ հստակ հայ ժողովրդի ոչնչացումը։ Իրենք 100 տարուց ավել այդպես են որոշել, որ մինչև հայերը ֆիզիկապես գոյություն ունեն տարածաշրջանում, ապա իրենց վերամիավորման, կամ պանթուրանական պրոյեկտի շրջանակում, ինչպես ուզում եք անվանենք, իրենք իրենց այդ բոլոր պրոցեսները չեն կարող իրականացնել։ Այո՛, թշնամի են, և դրա մասին պետք է ասել պարզ, հստակ։ Իրենք են գեներացնում ատելություն դեպի մեզ, և որքան էլ մենք փորձենք ավելի մեղմ վերաբերվել այդ ամենին, դա իրենց հույս կտան, որ հայերը թույլ են։ Այո՛, իրենք հասկանում են միայն կոշտ ուժ, կոշտ արձագանք»։
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ երեկ Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»՝ նշելով, որ «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Թաթոյանն այն պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է համարել։