Մատչելիության հղումներ

Մեղրիի քաղաքապետն ու Գորիսի փոխքաղաքապետը պնդում են` ակցիայի վայրում էին կարգուկանոն հաստատելու համար


Սյունիքի մարզ վարչապետի անցած շաբաթվա այցից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում 27 մարդու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Թե նրանցից քանիսն են կալանքի տակ, կոմիտեն չի հայտնում։

Անցած շաբաթավերջին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Քննչական կոմիտեի միջնորդությունը Մեղրիի քաղաքապետին կալանավորելու մասին։ Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբան Գայանե Պապոյանն «Ազատությանը» փոխանցեց՝ մերժելով քաղաքապետին կալանավորելու առաջարկը` դատարանը եզրահանգել է, որ չկա հիմնավոր կասկած. «Առնչությունը տվյալ արարքներին բացարձակապես դատարանները հերքել են»:

Պաշտպանի փոխանցմամբ` վարչապետի այցի օրը քաղաքապետը գտնվել է Ագարակում։ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի և Ագարակ ուղեկցվել էր մի խումբ անձանց բողոքի ակցիաներով, երբ ձվեր էին նետվել վարչապետի ավտոշարասյան վրա, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրել էին հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ։

Մեղրիի քաղաքապետը, սակայն, ըստ փաստաբանի, տեղեկանալով Ագարակի բողոքի ակցիայի մասին` փորձել է կրքերը հանդարտեցնել և ոչ ավելին. «Համացանցում կա, նայեք, կտեսնեք Ագարակի դեպքերում, երբ որ ոստիկանները փորձում են ժողովրդի հետ ինչ-որ երկխոսության մեջ մտնել, ժողովրդից ինչ-որ արտահայտություններ են լինում, պարոն Զաքարյանը հանդարտեցնում է, ասում է` չի կարելի, այս մարդիկ իրենց գործն են անում` նկատի ունենալով ոստիկաններին»:

Գայանե Պապոյանն ընդգծում է՝ իրենց պարզ չէ, թե մասնավորապես Մեղրիի քաղաքապետն այդ ինչ գործողություններ է կատարել, որոնք էլ որակվել են խուլիգանություն և բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Ասաց, որ քաղաքապետի դեմ երեք ցուցմունք կա, որոնք, նրա գնահատմամբ անհիմն են. «Կալանքի նիստին բերել են երեք ցուցմունք, որոնք բոլորը ենթադրության դաշտում են, որոնցից երկուսը ոստիկաններ են, այն ոստիկանները, որոնք իրենց ծառայողական պարտականություններն էին կատարում և ենթադրության դաշտում էլի ցուցմունք են տվել, որ թեև ոչ մի բան չէր անում, ոչ մի արտահայտություն չէր անում, որևէ մեկի չէր քաշքշում, բայց դա թյուր ձևացում է, այսինքն` իրենք իրենց մտքերը, իրենց կարծիքներն են արտահայտել այդ ցուցմունքներում, և ևս մեկ անձի ցուցմունք, ով ասում է` գիտեք, ես այնտեղ վաղուց եմ ապրում, լավ գիտեմ` ով ով է, դե ինքն արած կլինի էլի»:

Իրավապաշտան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով Սյունիքի այս դեպքերին, ասում է՝ երբեք նման իրավիճակ չի եղել, երբ ընդդիմության և իշխանության բախումներն ուղեկցվեն հայհոյանքներով. «Ե՛վ իշխանությունը, և՛ այսպես կոչված ընդդիմությունն իրար համարժեք են այսօր և վիրավորական մեզ համար: Ընդդիմության կողմից ես, օրինակ, չեմ կարող հիշել: Եթե ինձ լրագրողը հարցնի` կարող եք արդյոք հիշել վերջին 20-25 տարիներին Հայաստանում եղած զարգացումների ընթացքում ընդդիմադիրների կողմից բռնությունների դեպքեր, ես երևի չկարողանամ հիշել, իսկ իշխանության կողմից, իհարկե, ես կարող եմ թվարկել բազմաթիվ դեպքեր` կսկսեմ Մարտի 1-ից և կիջնեմ ներքև, մինչև ես չգիտեմ որտեղ, և՛ 2004 թվականը կհիշեմ, և՛ 2003 թվականը կհիշեմ»:

Վարդան Հարությունյանը քննադատում է իրավապահների պահվածքը, երբ հրապարակված տեսանյութից երևում է, թե իրավապահներն ինչպես են բերման ենթարկում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին. «Դրանք պետք է լինեին օրենքի սահմաններում: Չի կարելի մարդկանց բերման ենթարկելուց դա անել ցուցադրաբար, չի կարելի դրա մեջ ներդնել այդ ստորացուցիչ շեշտեր: Դա մոտավորապես նույնն է, ինչ որ այդ հայհոյանքները փողոցում: Եթե ստորացնելով են մարդում ձերբակալում, դա հայհոյանք չի՞, հայհոյանք է դա: Հայհոյանքի նպատակը ո՞րն է. ստորացնել մարդուն: Նրանք ստորացնում են այս կերպ, սրանք ստորացնում են այս կերպ, այսինքն` երկու կողմն էլ մարդու արժանապատվությունը չի հարգում»:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` Մեղրիի քաղաքապետը վարչապետի՝ Սյունիք այցելության ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:

Այս գործով մեղադրյալ է նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որը ևս մեղադրանքը չի ընդունում։ Պնդում է՝ Շուռնուխում էր, որ բախումներ չլինեին. «Իրականում այնտեղ իմ լինելն ընդամենը բնակիչները քանի որ հավաքվել էին, ես էլ գտնվել եմ այնտեղ` միայն կարգուկանոն ապահովելու համար և ճանապարհի երթևեկությունը բաց պահելու համար, և կարծում եմ` դա ինձ մոտ ստացվել է, և ճանապարհը եղել է երթևեկելի»:

Հովսեփյանն ասաց՝ դիմել է իրավապահներին, որ պարզեն, թե ինչու են իրեն առանց որևէ հիմնավորումների 12 ժամ պահել ոստիկանությունում՝ չպարզաբանելով՝ ինչու են բերման ենթարկել։

Ըստ Քննչական կոմիտեի` Գորիսի փոխքաղաքապետը, տեղեկանալով Մեղրիի քաղաքապետի կազմակերպած բողոքի ակցիայի մասին, մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է խուլիգանական գործողություններ, ինչի ընթացքում էլ վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթևեկությունը և ձվեր նետել ավտոշարասյան ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG