Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: «Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի», - անդրադառնալով Սյունիքում երեկվանից` վարչապետի այցից սկսված իրադարձություններին` հայտարարում է Արման Թաթոյանը` հավելելով, որ այս հարցում իր դիրքորոշումն անփոփոխ է:
«Այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը», - ասում է Պաշտպանը` հավելելով, որ այս արատավոր երևույթը ցանկացած դեպքում ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա:
Նշենք, որ Հայաստանի հարավում՝ Մեղրիում բնակիչները փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղեկցել են վանկարկումներով ու պահանջել հեռանալ Սյունիքից։ Չնայած սյունեցիների ընդվզմանն ու պահանջին՝ Փաշինյանը շարունակել է քայլարշավը փողոցներով՝ ոստիկանների, հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Իրավիճակն ավելի է լարվել, քաշքշուկ սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Վարչապետի դեմ բողոքի ակցիաներն անհետևանք չեն մնացել։ Ժամեր անց արդեն Կապանի մարզպետարանում վարչապետը իրավապահներին՝ հանրապետության ու մարզի ոստիկանապետերին հանձնարարել է զբաղվել այս միջադեպերով։
ՄԻ պաշտպանը նաև արձանագրել է, որ մարզի համայնքներ ապրիլի 21-ին վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին), ինչը ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով:
«Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը:
Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ:
Դուք դրանով ոչ միայն անում եք մարդու իրավունքները խախտող հայտարարություններ, այլ նաև խոչընդոտում եք իրավապահ մարմինների աշխատանքը, նրանց դնում ավելորդ թիրախի տակ ու նրանց գործողությունների առնչությամբ առաջացնում եք կանխակալ վերաբերմունք հասարակությունում», - շեշտում է Արման Թաթոյանը:
Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ, մասնավորապես փաստաբանն ահազանգել է, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին ձերբակալելիս խախտվել են վերջինիս իրավունքները, բացակայում են նրան բերման ենթարկելու հիմքերը, և իրեն ու իր վստահորդին չի պարզաբանվել՝ ուր են բերման ենթարկում: Դրանից բացի, ըստ Գայանե Պապոյանի՝ իր վստահորդի նկատմամբ գործողություններն առանց որևէ անհրաժեշտության կամ առանց դրանց անհետաձգելիության հիմնավորման արվել են գիշեր, այլ ոչ թե ցերեկ ժամանակ:
«Գայանե Պապոյանի հրապարակած՝ Մխիթար Զաքարյանին ազատությունից զրկելու տեսանյութերի ու ահազանգի ուսումնասիրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է խնդիրներ՝ կապված Մ.Զաքարյանին ազատությունից զրկելիս նրա մի շարք նվազագույն իրավունքներ, այդ թվում՝ ազատությունից փաստացի զրկելիս այդ պահին ազատությունից զրկելու հիմքերը նրան պատշաճ ներկայացնելու, փաստաբանի իրավունքը երաշխավորելու հետ:
Մեղրի համայնքի հետ կապված՝ ահազանգ է ստացվել 2 փաստաբանից 2 հոգու բերման ենթարկելու վերաբերյալ: Փաստաբանները նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե իրավապահ մարմիններն իրենց վստահորդներին ուր են տարել և որ իրենց չեն պարզաբանվում վստահորդներին բերման ենթարկելու հիմքերը կամ վայրը:
Մի շարք ահազանգեր են ստացվել (այդ թվում՝ փաստաբանից) նաև Գորիս համայնքից մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու հետ կապված:
Մասնավորապես, վաղ առավոտյան ահազանգողները նշել են, որ շարունակաբար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե որ իրավապահ մարմին են տարվել բերման ենթարկվածները կամ ինչ հիմքերով ու ինչ կարգավիճակ ունեն: Նման տեղեկությունների չեն տիրապետում նաև ազգականները: Խոսքը վերաբերում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքի ավագանու անդամի, Հարթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Գորիս համայնքի մի շարք բնակիչների», - հայտնում է ՄԻՊ-ը:
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք: Ըստ Մ. Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում:
Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի դատախազություն:
Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա. Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ COVID-19 վարակի ախտանիշներով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է, և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ:
«Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա. Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանա ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն»:
Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին:
Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության:
Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով այդ գործով նախաձեռնվել է քրեական հետապնդում:
Պաշտպանն արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ: