Մատչելիության հղումներ

Ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին դատախազության շենքի վրա. բախումներ սկսվեցին


Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ այսօր հանրահավաք էր հրավիրվել: Սակայն այն տեղափոխվեց դատախազության շենքի մոտ, որտեղ էլ բախումներ տեղի ունեցան:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այս իշխանությունն իր ամեն գործողությամբ ապացուցում է, որ իր գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, ուստի Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին։

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց»:

Արդեն տեղում լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանն ասաց, որ իրենց այսօրվա հավաքի նպատակն է աջակցել ձերբակալվածներին, սյունեցիներին:

Այստեղից հասնելով դատախազության մոտ` իրավիճակը լարվեց: Ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին դատախազության շենքի կողմ, սրանից հետո սկսվեց հրմշտոց ոստիկանների և հավաքվածների միջև, կան բերման ենթարկվածներ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի քանի համայնքապետերին, որոնք, ինչպես նշում են, ձերբակալվել են վարչապետի երեկվա այցի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին երեկ բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը: ՄԻՊ-ը իր հերթին հաղորդեց, որ Սյունիքում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ կապված մի շարք ահազանգեր է ստացել: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասել է՝ երեկ գիշեր կարմիր բերետավորները ներխուժել են իր եղբոր՝ Հրանտ Աղաբեկյանի տուն ու նրան բերման ենթարկել։

XS
SM
MD
LG