Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի


Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են ապրիլի 21-ին Սյունիքի մարզ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած «խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ըստ հաղորդագրութւյան, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Մեղրի համայնքի ղեկավարը, ապրիլի 21-ին տեղեկանալով վարչապետի Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:

«Մասնավորապես, երբ ՀՀ Վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում և քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց», - ասված է հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության՝ նույն օրը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, տեղեկանալով վարչապետի այցի մասին, Մեղրի համայնքի ղեկավարի կազմակերպմամբ կատարված վերոնշյալ գործողությունների, ինչպես նաև՝ վարչապետի կողմից Երևան վերադառնալու մասին, «հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է խուլիգանական գործողություններ, որի ընթացքում ՀՀ Վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթևեկությանը և ձվեր նետել նույն ավտոշարասյան ուղղությամբ»:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող), 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է ապրիլի 21-ին՝ վարչապետի այցի օրը։ Ձերբակալվածների թվում էր նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որը ազատ է արձակվել։ Այս գործով երեկ ձերբակալվել է նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը: Ձերբակալված է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Արարատ Աղաբեկյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին վարչապետին Մեղրիում ու Ագարակում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ հեռանա մարզից։ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով նրան ուղեկցել էին փողոցներում, փակել ճանապարհը։

Նույն օրը՝ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։ Ժամեր անց իրավապահները սկսեցին բերման ենթարկել մասնակիցներին։

XS
SM
MD
LG