Մատչելիության հղումներ

Ալիև․ «Ղարաբաղի հարցը լուծված է, Հայաստանին տարածքային պահանջներ չունենք, հայկական բանակի արդիականացումը մտահոգիչ է»


«Ադրբեջանը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ չունի», - այսօր Բաքվում, դիմելով «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրի ներքո ընթացող միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Մենք հիշելու ենք մեր պատմությունը, սակայն հարևան պետություններից որևէ մեկի, այդ թվում Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ չունենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ չհերքելով սակայն համաժողովի մասնակիցներից մեկի այն հիշեցումը, թե ինքը պարբերաբար Զանգեզուրը և նույնիսկ Երևանը պատմական ադրբեջանական տարածքներ է անվանում։

«Ես նույնիսկ ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ, բայց ես չեմ ասել, որ մենք տանկերով ենք վերադառնալու», - հայտարարել է Ալիևը՝ չբացառելով նաև Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունը։

«Մենք համարում ենք, որ հակամարտության էջը փակված է։ Ես բազմիցս խոսել եմ խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորության մասին։ Դրանք մեր ծրագրերն են, սակայն հայկական կողմից նույնատիպ ազդակներ չկան։ Մենք կանենք ամեն ինչ [հարաբերությունների կարգավորման համար], եթե Հայաստանից դրական ազդակներ լինեն», - ասել է Ալիևը Ադբեջանի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված համաժողովի ընթացքում։

Դրա հետ մեկտեղ Ալիևը այսօր հնչեցրած ելույթում չէր թաքցնում իր դժգոհությունը հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացման առթիվ։

«Մենք շատ մտահոգված ենք, որ Հայաստանը իր բանակի արդիականացման շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։ Մեր այդ մտահոգության մասին մենք հայտնել ենք նաև ռուսական կողմին։ Վրեժխնդրության ցանկացած հնարավորություն անտեղի լարվածություն է ստեղծում», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմում հայկական կողմից «Իսկանդեր» համակարգերի կիրառման շուրջ իրարամերժ տեղեկություններին։

«Պարոն Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ես շոշափել եմ Շուշիում «Իսկանդերների» բեկորների հայտնաբերման թեման։ Այդ զրույցից արդեն երկու շաբաթ է անցել, և Ադրբեջանի ժողովուրդը պետք է հստակ պատասխան ստանա», - հայտարարել է Ալիևը՝ նշելով նաև, որ «Իսկանդերների» հարցով պաշտոնական Մոսկվային է դիմել նաև Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։ - «Ապրիլի չորսին Պաշտպանության նախարարությունը ռուսաստանցի գործընկերներին այս առթիվ պաշտոնական հարցում է ուղարկել։ 9 օր է անցել, սակայն այստեղ ևս պատասխան դեռ չկա։ Մենք տրամադրել ենք լուսանկարները, տեսագրությունները և հարց ենք տվել՝ որտե՞ղից են արձակվել հրթիռները և ո՞վ է դրանք արձակել։ Դա պարզապես «Իսկանդեր» չէր, դա «Իսկանդեր Մ» էր, որը Հայաստանը ունենալ չէր կարող»։

Ալիևի այս հայտարություններից մի քանի ժամ անց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձավ դրանց՝ չհերքելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները քննարկում են «Իսկանդերների» թեման։

«Ռուսաստանցի և ադրբեջանցի զինվորականների գծով ակտիվ երկխոսություն է ընթանում, որի ընթացքում քննարկվում են համապատասխան հարցերը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Վերադառնալով Ալիևի այսօրվա ելույթին՝ նշենք, որ առաջին անգամ երկարատև դադարից հետո Ադրբեջանի ղեկավարը խոսեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության մասին, որը սակայն, ըստ նրա, պետք է վերաբերի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե Ղարաբաղյան հակամարտությանը։

«Կան ասպարեզներ, որոնցում Մինսկի խումբը կարող է դերակատարություն ունենալ։ Խոսքը մասնավորաբար հետկոնֆլիկտային իրավիճակի մասին է։ Ոչ թե որպես մի խումբ, որ օժանդակում է հակամարտության լուծմանը, հակամարտությունը լուծված է, այլ այն դեպքերում, երբ խոսում ենք Հայաստանի հետ համաձայնագրի մասին։ Եթե Հայաստանը քննարկի այս հնարավորությունը, ապա միջազգային խաղացողների համար բազմաթիվ ոլորտներ ի հայտ կգան՝ հարցեր, որ վերաբերում են [սահմանների] դեմարկացիային, դելիմիտացիային և համագործակցությանը», - հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ տարակուսելով, որ այս հարցում ամերիկյան նոր վարչակազմը բավական կրավորական կեցվածք է որդեգրել։

«Ես չեմ ասում, որ պետքարտուղար Բլինքենը պետք է զանգահարի մեզ, սակայն Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն պետք է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկեն։ Բայց մենք նրանցից որևէ լուր չենք ստացել։ Մենք չգիտենք, թե որն է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը մեր տարածաշրջանում», - հայտարարել է Ալիևը։

XS
SM
MD
LG