Ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը, և արդյոք Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ունե՞ն անելիք միջնորդները, ովքեր տարիներ շարունակ ապարդյուն փորձում էին դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը։ Վերջին ամիսներին ամենահաճախ հնչող այս հարցին է փորձում պատասխանել ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ 2017 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում մի քանի ամիս համանախագահ աշխատած Ռիչարդ Հոգլանդը, The International Conflict Resolution Center-ի կայքում հրապարակած ծավալուն հոդվածում։
Ամերիկացի դիվանագետը հիշեցնում է, որ միջնորդների ապագայի վերաբերյալ հակամարտության կողմերը հակառակ դիրքորոշումներն ունեն՝ Երևանը կարծում է, որ Մինսկի խմբի պահպանումն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի անքակտելի մասը։
«Գլուխկոտրուկ, որին Մինսկի խումբը բախվել է թերևս ամենասկզբից՝ ծայրահեղ հակառակ դիրքորոշումներ են, որոնք սկզբունքորեն չեն փոխվում», - ընդգծում է Հոգլանդը։
70-ամյա Ռիչարդ Հոգլանդը, ով ավելի քան երեք տասնամյակ աշխատել է ամերիկյան Պետքարտուղարությունում՝ զբաղեցնելով ամենաբարձր դիվանագիտական պաշտոններ, Մինսկի խմբին է միացել, երբ արդեն թոշակի էր անցել։ Մինչդ այդ Հայաստանում կամ Ադրբեջանում երբեք չէր աշխատել որպես դիվանագետ, այդուհանդերձ, ինչպես շեշտում է՝ Հարավային Կովկասն իր համար «terra incognita (լատ․՝ անծանոթ տարածք) չէր»։ Աշխատանքի բերումով պատկերացումներ ուներ նաև Ղարաբաղյան հակամարտության մասին։
«Ճիշտն ասած, երբ ինձ առաջարկեցին դառնալ ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահ, սկզբում մի փոքր տատանվում էի՝ Պետքարտուղարությունում նման պաշտոնը չի դիտարկվում որպես կարիերային աճ։ Անկեղծորեն՝ այդ պաշտոնը նախկինում սովորաբար զբաղեցնում էր խոստացված դեսպանի պաշտոնին սպասող դիվանագետ կամ նա, ով պետք է աշխատեր մինչև թոշակի անցնելը», - ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներքին խոհանոցի մասին անկեղծանում է նախկին պաշտոնյան և հավելում, որ այդուհանդերձ ընդունել է աշխատանքի հրավերը։
Ծավալուն այդ հոդվածում ամերիկացի դիվանագետն առանց ձևականությունների պատմում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած խմբի տարածաշրջանային ուղևորությունների մասին՝ հինգաստղանի հյուրանոցներ, շքեղ սենյակներ, բարձրակարգ ռեստորաններ, հանդիպումներ Հայաստանի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ժամանակ առ ժամանակ նաև Մոսկվա, Բրյուսել, այլ մայրաքաղաքներ, որտեղ ցանկանում էին տեղեկություններ ստանալ հակամարտության իրավիճակի և համանախագահների գործունեության վերաբերյալ։
«Բայց անկեղծ ասած՝ ձեռքբերումները շատ ու շատ քիչ էին», - խոստովանում է ամերիկացի դիվանագետը և առանձնացնում ԵԱՀԿ-ի կողմից Մադրիդյան սկզբունքների մշակումը, ինչին էլ հաջորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի սեփական պլանը։
«Մեզ զգուշացրել էին, որ այն անվանեինք պարզապես «սեղանին գտնվող պլան», - գրում է Հոգլանդը՝ շարունակելով, - «երբ պլանը մշակվեց, ես հարցրի իմ հրաշալի գործընկերոջը՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովին՝ իսկապե՞ս Կրեմլը կհամաձայնի այն իրականացնել, եթե Երևանն ու Բաքուն փոխզիջումների գնան և ընդունեն պլանը։ Նրա անկեղծ պատասխանն այսպիսին էր՝ «իհարկե, ոչ»։
«Այդ ժամանակ ես հասկացա, որ Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ եռակողմ հարց, որում Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի, հնարավոր է նաև՝ վճռորոշ», - եզրահանգում է Մինսկի խմբի նախկին համանախագահը` թվարկելով հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունները՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Արևելյան Ուկրաինա, որոնք կարգավորելու ամենահարմար թեկնածուն, ըստ Հոգլանդի, Ռուսաստանն է, որը, սակայն, նախընտրում է չանել դա՝ յուրաքանչյուր հակամարտությանը բնորոշ տարբեր պատճառներից ելնելով։
«Ընդհանուր պատճառն այն է, որ հակամարտությունների կարգավորումը յուրաքանչյուր երկրի թույլ կտա բավականաչափ ազատ զգալ իրեն Մեծ Արջի որջը լքելու համար, այլ գործընկերներ և այլընտրանքային դաշինքներ գտնելու համար», - պնդում է Հոգլանդը։
Ինչ վերաբերում է մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը, դիվանագետը պատմում է, որ Երևան և Բաքու կատարած բազմաթիվ այցերի ընթացքում հասկացել է՝ կողմերից յուրաքանչյուրն ամուր կանգնած է իր դիրքում, և որևէ մեկը պատրաստ չէ նույնիսկ փոքր ժամանակավոր փոխզիջման։
«Անձամբ ես եկա այն եզրահանգման, որ միայն պատերազմն է վերջնական լուծելու Ղարաբաղի խնդիրը, թեև այդ տեսակետը երբեք հրապարակավ չեմ բարձրաձայնել։ Այդուհանդերձ, մենք՝ համանախագահներս, շարունակում էինք մեր ջանքերը», - գրում է ամերիկացի նախկին համանախագահը՝ հիշեցնելով նաև պատերազմի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ կրակի դադարեցման ջանքերը։ Հրադադարը, սակայն, շեշտում է դիվանագետը, յուրաքանչյուր դեպքում ընդամենը մի քանի ժամ էր տևում։
«Միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը կարող է գրավել իր ողջ տարածքը, Մոսկվան խառնվեց և կարգավորեց ստեղծված իրավիճակը», - գրում է դիվանագետը՝ ընդգծելով Ռուսաստանի շահեկան դիրքը 44 -օրյա արյունահեղությունից հետո: «Մոսկվան այժմ իր զորքն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ ամրապնդելով իր «ազդեցության հատուկ գոտին»,- փաստում է դիվանագետը։
Ամփոփելով ծավալուն հոդվածը, Հոգլանդը կրկին հարց է բարձրացնում՝ այս պայմաններում արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ անելիք ունի՞։ Երևանն ասում է՝ այո, Բաքուն՝ ոչ․ Ռիչարդ Հոգլանդը կարծում է՝ ունի։ Ըստ ամերիկացի փորձառու դիվանագետի՝ միջնորդական խմբի մանդատին կարող է ավելանալ ևս մեկը՝ վերակառուցում․ Բաքուն ու Երևանն արդեն իսկ ընդունում են, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերակառուցման կարիք կա, կառույցը կարող է օգնել համակարգել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորումը, մշակել պլան և ֆինանսավորում գտնել Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում զարգացում ապահովելու համար։
«Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի, Իրանն ու Թուրքիան կցանկանան իրենց խոսքն ասել», - համոզմունք է հայտնում Հոգլանդը և եզրափակում, - «բայց եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, դժբախտաբար՝ կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ»։