«Հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով», - iLur.am-ում հրապարակված հոդվածում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իր այն մտքին, որ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում», որը, ըստ նրա, «տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից»:
«Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով», - նշել է Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը նաև հատվածներ է ներկայացրել տարբեր տարիների իր ելույթներից:
«Վերջում ավելորդ չեմ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս հրապարակած ընդարձակ և բովանդակալից հոդվածի վրա, որում հաստատվում են իմ վերոհիշյալ պնդումները. «Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ ռուս համանախագահ դեսպան Պոպովին, Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի, եթե Երևանն ու Բաքուն ընդունեն։ Նա անկեղծ պատասխանեց ՝ «իհարկե՝ ոչ»։ Այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ ԼՂ-ն երկկողմանի խնդիր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իրականում այն եռակողմ է, որում Ռուսաստանը առանցքային, եթե ոչ՝ որոշիչ դեր ունի», - ներկայացրել է Տեր-Պետրոսյանը։