Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այսօր այդ մասին խոսել է նաև Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը՝ «Կոմերսանտ»-ին տված ծավալուն հարցազրույցում, որտեղ կա անդրադարձ նաև Արցախին։
«Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա», - «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Կարասինը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատերազմից հետո դեռ չեն հանդիպել, բոլորովին վերջերս նրանք մասնակցել են Մոսկվայում կայացած ԱՊՀ հերթական հավաքին և նույնիսկ առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, սակայն երկկողմ բանակցություններ չեն ունեցել։
Ռուսաստանցի բոլոր պաշտոնյաները Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին խոսելիս նախ ընդգծում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Կարասինը նույնպես նախ այդ մասին է խոսում․ - «Առաջին հերթին ընդգծեմ, որ Ռուսաստանի նախագահի պատասխանատու և եռանդուն դիրքորոշումը հանգեցրել է արյունահեղության դադարեցմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածության ձեռքբերմանը»:
Նախկին դիվանագետը զգալի արդյունք է համարում այն, որ այսօր տարածաշրջանում հրադադարը վերահսկում են ռուս խաղաղապահները։ Նրա խոսքով, այսօր հարցերի հիմնական բլոկը կապված է հումանիտար խնդիրների լուծման հետ՝ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների, փախստականների վերադարձի և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Կարասինն ընդգծում է, որ սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։
Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ այսօր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղում կողմերի միջև վստահության հաստատումն է։ Գրիգորի Կարասինն ասում է հարցազրույցում, թե այս ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն արվել են․ - «Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, ընթանում է հանգուցալուծումների որոնում: Ակտիվորեն աշխատում է եռակողմ հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»։
Հավելենք՝ հայկական կողմի համար այսօր ամենաարդիական հարցը հայ ռազմագերիների վերադարձն է։ Բաքուն, սակայն, հայտարարում է, թե հարցը փակված է, և հայ ռազմագերիներ Ադրբեջանում այսօր չկան։ Մոսկվան էլ պարբերաբար հայտարարում է, որ ռազմագերիների հարցը պետք է վերջանակապես կարգավորել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։