«Անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք այսօր ռուսաստանյան խաղաղապահներն են»,- Մոսկվա կատարած այցից հետո՝ հանդիպելով Արցախի նախագահի Արայիկ Հարությունյանին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարությունյանն էլ իր հերթին «անգնահատելի» է որակել Ռուսաստանի նախագահի դերը Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով։
«Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ», - նշել է Հայաստանի վարչապետը:
«Մանավանդ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որովհետև մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված այլ նույն ճանապարհով, և այդ առումով մենք էլ ենք կարևորում ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է», - նշել է Հարությունյանը:
Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի վարչապետի հայտարարությունը չի զարմացրել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։ Կարծում է՝ այսօրվա իրողություններից ելնելով Հայաստանի իշխանությունը մանևրելու մեծ դաշտ չունի՝ տարածաշրջանում գործ ունենք Թուրքիայի հետ, էապես կախված ենք Ռուսաստանի ռազմատեխնիկական աջակցությունից։
«Ակնհայտ է, որ այսօր արցախյան գոտում մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջան-Հայաստան դիմակայության հետ, այլ Թուրքիայի ներկայության հետ, հետևաբար այդ իմաստով ակնհայտ է, որ ինչքան էլ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, թուրքական ռազմական սպառնալիքի դեմ, թուրքական ռազմական հավակնությունների և հնարավոր ագրեսիվ գործողությունների դեմ Հայաստանի ներուժը բավարար չէ և հատկապես պատերազմում ստացած հարվածից հետո, որն ունի էական վերականգնման կարիք և որևէ գաղտնիք չէ, որ այսօր իսկապես կայունության երաշխիքը ռուս խաղաղապահներն են», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց՝ քննարկման կարևորագույն հարցերից մեկը եղել է զինված ուժերի բարեփոխումը, որն իրականացվում է ՌԴ գործընկերների աջակցությամբ՝ առանց մանրամասնելու՝ ո՞ր ոլորտներն ինչպե՞ս են բարեփոխվելու։ Մինչև Մոսկվա մեկնելն էլ ռուսական «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում չէր կոնկրետացրել՝ հայկական բանակը ի՞նչ զենքի կարիք ունի, բացառությամբ ռուսաստանյան «ՍՈՒ-30 Էս-Էմ» կործանիչների, որոնց ձեռքբերումն, ասել էր, կշարունակվի։
Երեկ՝ նրա այցի ընթացքում Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան չէր բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարման հնարավորությունը Հայաստան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան մասնավորապես խոսել էր այս պահին առաջարկվող «Орион-Э» հետախուզական անօդաչուների մասին։ Հավելել, որ եթե հայկական կողմը դիմի, սահմանված կարգով պատրաստ են քննարկել։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պատերազմից հետո Հայաստանն ունի ռազմատեխնիկական պոտենցիալը վերականգնելու խնդիր, Ռուսաստանի հետ էլ գործակցությունը այլընտրանքների բացակայության պատճառով օբյեկտիվ անհրաժեշտություն է, բայց վարչապետի հնչեցրած ընդհանուր հայտարարությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս պատասխաններ։
«Այսինքն արդյոք այդ հայ-ռուսական գործակցությունը չի բերելու նրան, որ Ռուսաստանը որոշակի գերակայություն է ստանձնելու Հայաստանի զինված ուժերի հանդեպ և հայկական զինված ուժերը դե ֆակտո լինելու են ռուսական զինված սուբյեկտության մի մաս: Որովհետև խոսվում է ռուսական ռազմաբազայի, հայ-ռուսական միացյալ զորախմբի գործողությունների և այլնի մասին, նշվում է, որ փաստաթղթային հիմքեր կային, կան և հիմա պետք է քննարկել հետագա զարգացումները և այլն, ու այստեղ հարց են առաջանում՝ եթե այդ փաստաթղթային հիմքերը եղել են, ապա ինչո՞ւ չեն եղել այն գործողությունները, որ պետք է լինեին», - ասաց Բադալյանը:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ հայ-ռուսական բանակցություններում խնդիրները ճիշտ ձևակերպելու անհրաժեշտություն կա, քաղաքագետն ասում է՝ պատերազմից հետո չի տեսնում գործնական քայլեր. «Կոնկրետ որոշումներ, կոնկրետ զինտեխնիկայի հետ կապված կամ գնման հետ կապված, կամ գուցե ինչ-որ չափով անվճար տրամադրում տեխնիկայի, բազմաթիվ հարցեր կան, որոնք մեզ համար կարևոր են: Այս ամեն ինչը պետք է ձևակերպել, առաջ բերել»: