Մատչելիության հղումներ

Այվազյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին շեշտել է հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնարարը իր նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել «օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա»:

«Այս համատեքստում հանգամանալից ներկայացվել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը իր պատմական հայրենիքում», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Նախարար Այվազյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդի նիստին բարձրացրել է նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ «վանդալիզմի աղաղակող փաստերի հարցը»: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից «հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը՝ նշելով, որ հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է»:

Արա Այվազյանը նշել է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն տվեցին Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին:

Նիստի շրջանակներում ԱԳ նախարարները ստորագրել են և հավանություն տվել տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերին, այդ թվում՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի կատարման մասին արձանագրային որոշումը, 2021-2030թթ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը, 2021-2030թթ. Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:

Խորհրդի նիստի շրջանակներում մասնակիցները ներկա են գտնվել Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG