Եվրամիության հատուկ բանագնացի միջնորդությամբ շուրջ մեկ շաբաթ տևած բանակցությունները երեկ ուշ երեկոյան ավարտվել են ապարդյուն։
Եվրոպական դաշինքի բանագնացը նախօրեին ժամեր շարունակ վերջին ջանքերն էր գործադրում՝ համոզելու Վրաստանի իշխանություններին և ընդդիմության ներկայացուցիչներին ընդհանուր հայտարարի գալ երկու կողմի առաջ քաշած պահանջների հարցում և մեղմել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, սակայն ինչպես նախօրեին ուշ գիշերին հայտնեց փորձառու դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը՝ դա իրեն չհաջողվեց, քաղաքական ընդդիմախոսները համաձայնության չեկան։
«Այժմ ես վերադառնում եմ Բրյուսել՝ ամեն ինչ զեկուցելու նախագահ Միշելին։ Հուսով եմ կողմերը լրջորեն կգնահատեն իրավիճակը, փոխզիջման անհրաժեշտ ուղիները», - երեկ հայտարարում էր եվրոպացի դիվանագետը, ով Թբիլիսի էր գործուղվել շուրջ մեկ շաբաթ առաջ՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանձնարարությամբ։
Բանակցություններին բացի շվեդ դիվանագետից մասնակցում էին նաև Վրաստանում Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեսպանները՝ Կարլ Խարցելը և Քելլի Դեգնանը։
Դանիելսոնը երեկ շեշտում էր, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մեծ ջանքեր էին գործադրում՝ օգնելու կողմերին փակուղուց դուրս գալու հարցում, ինչը կարող էր վերջ դնել առկա ճգնաժամին և հնարավորություն տալ երկրի առաջնորդներին կենտրոնանալ համաճարակի, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծաման վրա, շարունակել եվրաինտեգրման ուղին և ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը։
Մինչ այդ՝ արդեն չորս ամիս է Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողանում ներքաղաքական ճգնաժամի հանգեցրած տարաձայնությունները ինքնուրույն հաղթահարել։
Հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել, պնդելով, որ հերթական անգամ մեծամասնություն ստացած «Վրացական երազանքը» կեղծել է քվեարկությունը։
Նոյեմբերից ի վեր նոր օրենսդիր մարմնի նիստերն անցնում են առանց ընդդիմադիր պատգամավորների, ովքեր բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։
Ամիսներ շարունակվող այս լարվածությունը իր գագաթնակետին հասավ շաբաթներ առաջ, երբ իրավապահները գրոհեցին երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության «Ազգային միացյալ շարժման» գրասենյակն ու կալանավորեցին կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային։
Արտահերթ ընտրություններից զատ այժմ ընդդիմության օրակարգում է նաև ընդդիմադիր Մելիայի ազատ արձակման պահանջը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսն Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությունը մտադիր չէ իրականացնել։
Իշխանությունները պնդում են, որ Նիկա Մելիան 2019 թվականի Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հրահրել, կազմակերպել է անկարգություններ և մասնակցել դրանց, ինչի համար պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվի, իսկ ինչ վերաբերում է արտահերթի պահանջին, վարչապետ Ղարիբաշվիլին շաբաթասկզբին հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նախատեսված են 2024 թվականին։