«Հայրենիքի փրկության շարժումը» ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերը՝ առաջադրելով իր օրակարգը։
Շարժումը նաև պնդում է՝ հանդիպումը պետք է լինի այն տեղում, որտեղ իրենք են նշում, պետք է լինի բաց, հրապարակային՝ ուղիղ հեռարձակմամբ։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այդ օրակարգով և այդ ձևաչափով հանդիպմանը, բայց այդ հանդիպմանը պետք է լինի այն օրակարգը, որը մենք ներկայացնում ենք, պետք է լինի այն տեղում, որտեղ մենք նշել ենք, և այդ հանդիպումը պետք է լինի բաց, հրապարակային՝ ուղիղ հեռարձակմամբ, որովհետև մենք ժողովրդից թաքցնելու, և ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ որևէ մեկի հետ ձեռք չենք բերելու», - երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հայտարարեց՝ կարևորում են երկրում ստեղծված իրավիճակից, ճգնաժամից հրատապ դուրս գալու անհրաժեշտությունը, պատրաստ են հանդիպման, միևնույն ժամանակ ընդգծեց՝ հանդիպումը պետք է չլինի ձևական։
«Ավելի մատչելի ասեմ՝ եթե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ, չգիտենք, համաձայնեցրել է իր էս նախաձեռնությունը, թե՞՝ ոչ, իրենց պետք է ընդամենը մի տեսարան, որտեղ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հետ կնստի մեկ սեղանի շուրջ և դրանով ստանան այնպիսի տեսարան, որը ստացան Գլխավոր շտաբում, եթե իրենց նախաձեռնության նպատակն այդ տեսարանը ստանալն է, այդ հաճույքն իրենց չենք պարգևի, բայց եթե իրականում ուզում են երկրում ստեղծված իրավիճակից, ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը և այդ ելքերն այն օրակարգն է, որը մենք առաջադրում ենք»։
«Ազատության» հարցին, թե չի՞ կարծում, որ իրենց արձագանքն ավելի կխորացնի ճգնաժամը, Սաղաթելյանը պատասխանեց․ - «Մենք կարծում ենք, որ դա ճգնաժամի հաղթահարման իրական և արդյունավետ լուծում է՝ այն ճանապարհային քարտեզը, որը որ մենք առաջադրել ենք։ Իմիջայլոց Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահը 2018 թվականի ապրիլին նման մի նախաձեռնությամբ հանդես եկել է, եթե հիշում եք, ինքը կազմակերպեց, իր միջնորդությամբ տեղի ունեցավ նաև այն հայտնի հանդիպումը՝ իշխանության հրաժարականի պահանջով։ Այսինքն՝ նախագահը նման փորձ ունի։ Եթե ինքն էդ նպատակով է կազմակերպում էդ հանդիպումը և էդ օրակարգով, մենք պատրաստ ենք հանդիպել, քննարկել այս իշխանությունների հեռացման ճանապարհային քարտեզն իր բոլոր դետալներով, եթե իրենք այլ նպատակներ ունեն՝ շոուներ կազմակերպելու և այլն, մենք այդտեղ չկանք»։
Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրել է հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակն, ինչպես հայտարարվել է, առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է։ ԼՀԿ-ն ու «Իմ քայլը» ընդունել են նախագահի հանդիպման հրավերը։ Մյուս խորհրդարանական ուժից՝ ԲՀԿ-ից դեռ չեն արձագանքում։ Կառավարությունը ևս լուռ է։