Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց․ վարչապետ


«Արտահերթ ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց», - այսօր Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ երկրում ստեղծված լարված իրավիճակը մեղմելու վերաբերյալ հարցին։

Փաշինյանը հավելեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը ընդունի իր առաջարկը, ժամկետները կհամաձայնեցվեն․ - «Եվ կառավարությունը, իհարկե նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում։ Եվ ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին։ Եվ ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»։

Բաբաջանյանը նաև փորձեց ճշտել, թե երբ են ակնկալվում սահմանադրական փոփոխությունները, և ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը երկրի կառավարման մոդելը խորհրդարանականից կրկին կիսանախագահական դարձնելու ուղղությամբ, ինչ մասին ակնարկել էր Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ։ Դա արվելու է արտահերթ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո։

«Եթե հանրային քննարկումների մեծամասնությամբ եզրակացությունը կլինի, որ կառավարման կիսանախագահական համակարգը այնուամենայնիվ ավելի էֆեկտիվ է․․․ Ես նկատի ունեմ, որ քննարկումների դաշտը պետք է բաց պահել», - արձագանքեց Փաշինյանը։

Արման Բաբաջանյանն այսօր միակ պատգամավորն էր, որին Փաշինյանը հարկ համարեց պատասխանել։ Ողջ հարցուպատասխանի ընթացքում թե՛ սեփական թիմից, թե՛ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» հնչող հարցերին Փաշինյանի փոխարեն ամբիոնից պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հենց սկզբից ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջեց Փաշինյանից ապացույցներ, որ, ինչպես պնդում է վարչապետը, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է պահանջել վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի փոխարեն ամբիոնին մոտեցած փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդամենն ասաց՝ անհրաժեշտություն լինի՝ կպարզաբանենք։

«Հրապարակային արել ա հայտարարությունը։ Նման հայտարարություն ցանկացած գերատեսչության ղեկավարի մասին կարող է արվել։ Վաղը կարող ա ասեք Արարատ Միրզոյանը չգիտեմ ինչ ա արել Սերժ Սարգսյանի հրամանով, կարող ա ասեն Տիգրան Ավինյանն ա արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում․․․ Հայտարարություն ա արվել հրապարակային։ Ասում եք՝ եթե անհրաժեշտությունը լինի։ Անհրաժեշտություն կա՛։ Էդ անհրաժեշտությունը ձևավորված ա հանրային ակնկալիք, որ եղբայր, բան եք ասել, ձեր ասածը ապացուցեք», - ասաց Մարուքյանը։

«Եթե հարկ լինի ապագայում դա անել, վարչապետը կրկին դա կանի», - արձագանքեց Ավինյանը։

Այդուհանդերձ, այս թեմայից չշեղվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»։ Անի Սամսոնյանը ուշադրությունը կենտրոնացրեց Գլխավոր շտաբի հայտարարության տեքստի վրա, որտեղ ասվում է, թե «իշխանություններն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային իրավիճակում»։

«Հիմա ուզում եմ հասկանալ», - ասաց Սամսոնյանը, - «որպես ՀՀ վարչապետ, գործող կառավարության ղեկավար, որպես գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ, ինչպես հաճելի է Ձեր ականջին, ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք Դուք կայացրել, որքա՞ն սահման եք Դուք հատել, որտե՞ղ եք հատել այդ սահմանագիծը, որ Գլխավոր շտաբը և բանակի 40 գեներալներ որոշել են, որ Դուք ի վիճակի չեք որպես վարչապետ ղեկավարելու, և այլ ելք չկա, և Դուք պիտի հրաժարական տաք»։

Նիկոլ Փաշինյանը նստած մնաց իր տեղում, ամբիոնին մոտեցավ նորից Ավինյանը։ Սամսոնյանն ակնարկեց՝ արդյո՞ք այս պահվածքը նշանակում է, որ Ավինյանը վարչապետ դառնալու նկրտումներ ունի։ Փոխվարչապետն ասաց, թե կառավարությունն է որոշում ով որ հարցին պատասխանի։ Ապա հավելեց, թե Գլխավոր շտաբի հայտարարությունը խնդրահարույց էր, ապաքաղաքական կառույցը քաղաքական հայտարարություն անելու իրավունք չուներ․ - «Որովհետև հակառակ պարագայում դա խարխլում է մեր պետականության հիմքերը»։

«Ո՞ր սխալի համար եք ներողություն խնդրել մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ», - վարչապետին հարց ուղղեց Սրբուհի Գրիգորյանը («Լուսավոր Հայաստան»)։ Նա Փաշինյանին հիշեցրեց իր ելութը հրապարակում, որտեղ վարչապետը ներողություն էր խնդրել կառավարման 2 տարի 10 ամսվա ընթացքում թույլ տված սխալների համար․ - «Հայրենիքի մի հատվածի կորուստը, հազարավոր զոհերը, Սյունիքում անհաշիվ խնդիրները․ սրանք ներողության թեմա չեն»։

Փաշինյանի «ներողության» համար նորից պատասխանեց Ավինյանը․ - «Եթե հավելյալ մեկնաբանման կարիք լինի, կարծում եմ, ապագայում նույնպես վարչապետը կանդրադառնա էդ հարցերին»։

Առհասարակ պատասխանները լակոնիկ էին։ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն էլ որոշեց օգտվել կարճ ու կոնկրետ հարցուպատասխանի հնարավորությունից․ - «Պարոն Փաշինյան, ո՞նց եք»։

Նիստը վարող Ալեն Սիմոնյանն ասաց․ - «Առաջարկում եմ գրավոր էդ հարցը ուղարկեք, պարոն Գորգիսյան»։

Կառավարությունից այսօր ընդամենը մոտ մեկ ու կես ժամ պահանջվեց պատասխանելու օրենսդիրների մոտ 3 տասնյակ հարցերին։

XS
SM
MD
LG