Վաղը` մարտի 1-ին վարչապետ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել: Վաղը լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։ Փաշինյանը վստահեցրել է, որ բախումներ չեն լինելու, Հայաստանում նոր Մարտի մեկ չի լինելու:
Նրա հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ շարժումն անում է ամեն ինչ` բացառելու բախումները, բռնությունը, ուժի կիրառումը: Սակայն Վանեցյանը նաև շեշտում է, որ թիվ մեկ պատասխանատուն այս դեպքում իշխանություններն են:
Արթուր Վանեցյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն» - Պարոն Վանեցյան, ոմանք պնդում են, թե վաղը` մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքը, որ կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, կարող է առիթ դառնալ, որ բախում տեղի ունենա «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցների և այդ հանրահավաքի մասնակիցների միջև, որ նույնիսկ ձեր աջակիցներից ոմանք` ակտիվիստներ, պնդում են, թե Փաշինյանը նախապատրաստել է բախումներ, սակայն ինքը հայտարարում է, թե Մարտի մեկի էջը փակված է Հայաստանում, բախումներ այլևս տեղի չեն ունենա: Դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նման բան:
Արթուր Վանեցյան - «Հայրենիքի փրկության շարժումն» անում է ամեն ինչ, որպեսզի բացառի բախումները, բացառի բռնությունը, ուժի կիրառումը: Թիվ մեկ պատասխանատուն այս դեպքում ևս իշխանություններն են, որովհետև այսօր իրենք են տիրապետում Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական, հատուկ ծառայությունների ուժերին, և նրանք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի բացառվի բռնությունը, և բացառվեն բախումները: Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չպետք է մեր քաղաքացիները դուրս գան իրար դեմ, լինեն բախումներ, Աստված մի արասցե` լինեն զոհեր կամ վիրավորներ: Այս էջը իրականում պետք է բոլորիս համար մեկընդմիշտ փակ լինի, և բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ, առանց բռնության կիրառման:
«Ազատություն» - Պարոն Վանեցյան, ես Ձեզ լսում եմ հիմա, լսում եմ նաև հանրահավաքների ժամանակ հարթակից ելույթ ունեցող շարժման լիդերներին, մեծ տարբերություն կա, ես կարող եմ ասել, ասենք թե` կոչերի ծայրահեղականության առումով կամ մեթոդների առումով, հենց թեկուզ Ձեր և Վազգեն Մանուկյանի միջև: Ես ճի՞շտ, թե՞ կարծում եք, որ ձեզ մոտ համախոհություն է:
Արթուր Վանեցյան - Պարոն Թամրազյան, տեսեք` ես ներկայացնում եմ «Հայրենիք» կուսակցությունը, «Հայրենիքի փրկության շարժմանը» միացել են 17-ից ավելի քաղաքական ուժեր, մտավորականներ, անհատ գործիչներ, և բոլորն ունեն իրենց տեսակետները: Ես` որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ, իմ տեսակետներն եմ ասում և իմ գնահատականներն եմ տալիս: Թե ինչ են ասում մնացածը, դա իրենց անձնական կարծիքն է: Ես ուզում եմ ևս մեկ անգամ կրկնվել` այս 17 կուսակցություններից շատ-շատերի հետ ես «խաղաղ» պայմաններում որևէ պարագայում քաղաքական ճանապարհ չէի անցնի և չէի համագործակցի: Համոզված եմ, որ նույն կարծիքի են նաև նրանցից շատերն իմ մասին: Մենք ունենք արտառոց իրավիճակ, և դա է պատճառը, որ ես համաձայնել եմ մաս կազմել «Հայրենիքի փրկության շարժմանը» և պայքարել մեր երկրի փրկության համար: Սա շատ կարևոր արձանագրում է, որը ես կուզենայի անել:
Բռնությանը, այո, ես դեմ եմ: Եթե իմ վերջին հարցազրույցները և հրապարակային ելույթները լսել եք, ես մշտապես կոչ եմ անում բոլորին գործել օրենքի շրջանակներում, չխախտել օրենքներ և այս ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ստորև.