Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը


Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հրամանագիրը երկրորդ անգամ չստորագրելու և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, այսօր առավոտյան հայտարարությամբ է հանդես եկել Զինված ուժերի Գլխավոր շտաբը, թե նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նշանակում է, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը շարունակում է իր ծառայությունը։

Գլխավոր շտաբի այսօրվա հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են [«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»] օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»։

Գլխավոր շտաբը հղում է կատարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35․1 հոդվածի այն ձևակերպմանը, որ եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Արդյոք նախագահի նման որոշման արդյունքում Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, թե՞ շարունակելու է պաշտոնավարել, ո՛չ նախագահականը, ո՛չ էլ վարչապետի աշխատակազմը դեռևս հանդես չեն եկել որևէ պարզաբանմամբ, չնայած անցել է 24 ժամ, և քաղաքական ճգնաժամն էլ շարունակվում է։

Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունից աշխատանքային օրվա վերջին «Ազատությանը» փոխանցեցին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ նախագահի դիմումը դեռ չեն ստացել։

Իրավաբան Տիգրան Եգորյանի կարծիքով` Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով պետք է ազատվի պաշտոնից, քանի որ նախագահը Սահմանադրական դատարան չի դիմել վարչապետի առարկության վերաբերյալ, այլ դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ. «Դա տեղի է ունեցել Սահմանադրության կարգավորումների ուժով, և քանի որ նախագահը հրաժարվել է իր` 139-րդ հոդվածով սահմանված լիազորություններից որևէ մեկի իրականացումից, Սահմանադրության համաձայն` 139 -րդ հոդվածի 3-րդ մասով վարչապետի` Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելու մասին առաջարկն իրավունքի ուժով մտել է ուժի մեջ, իսկ ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա դա դատարկ մի թուղթ է, դրա համար էլ որևէ մեկը համարձակություն չի դրսևորել ստորագրելու այդ թուղթը պաշտոնապես, որովհետև դա կոնկրետ լիազորությունների յուրացման մասին փաստաթուղթ է: Ով ձեռնամուխ եղավ այդպիսի լիազորությունների յուրացման, դա ենթակա է քրեական պատասխանատվության»:

Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացը պետք է կասեցվի մինչև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը՝ նախագահի դիմումի վերաբերյալ. «Երբ որ ընդհանրապես ցանկացած գործով կոնկրետ իրավիճակով դիմում են Սահմանադրական դատարան, ապա բոլոր պրոցեսները պետք է առկախվեն, այսինքն` սառեն, որովհետև միտք չունի պրոցեսին լուծում տալ, եթե այդ վեճը Սահմանադրական դատարանը քննում է: Հիմա քանի դեռ նախագահի դիմումը Սահմանադրական դատարանի վարույթում է, նշանակում է` ոչինչ չպետք է փոխվի, այսինքն` պաշտոնազրման պրոցեսը պետք է կասեցվի մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելը, որովհետև կարող է Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը լուրջ թերություն ունի, ստացվում է, որ լուրջ թերությամբ, այսինքն` ոչ իրավաչափ օրենքի հիման վրա ընդունվել է նախագահի հրամանը պաշտոնից ազատելու վերաբերյալ, ստացվում է` այդ հրամանն ընդունվել է ոչ իրավաչափ, այսինքն` հակասահմանադրական օրենքի հիման վրա»:

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ինչ փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի ու Կառավարության հրաժարականը, նախագահ Արմեն Սարգսյանը արդեն երրորդ անգամ հանդիպել է Օնիկ Գասպարյանին։ Նախագահականի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` այսօրվա հանդիպմանը նրանք անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին, նշվել է, որ անկախ այդ կապակցությամբ որոշումներից առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Մոտ մեկ շաբաթ է, ինչ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է Կառավարության հրաժարականը, վարչապետն այն որակել է պետական հեղաշրջման փորձ, սակայն դատախազությունը դեռ շարունակում է ուսումնասիրել տեղի ունեցածը, «Ազատությանն» այսօր փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Եվ այդ համատեքստում հնարավոր քրեական օրենսգրքով արգելված արարքների դրսևորումների մասին մեզ հասու տեղեկությունների առկայության պայմաններում անպայման հետևելու է քրեիրավական գնահատական տալուն ուղղված կոնկրետ ներգործության միջոցների ձեռնարկումը»:

«Ազատություն» - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ վարչապետի այն հայտարարությունը, որ ռազմական հեղաշրջման փորձ է, դատախազությունում համարում են, որ այս պարագայում ՀՀ որևէ օրենք չի խախտվել:

Գոռ Աբրահամյան - Ես, ճիշտն ասած, չեմ ուզում մեկնաբանել վարչապետի հայտարարությունները, ես ընդամենը նշում եմ, որ ամբողջական գործընթացը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ուսումնասիրվում է, անդադար մոնիթորինգ է իրականացվում դրանով, և հանցակազմի տարրեր պարունակող դրսևորումների դեպքում, կրկնում եմ, կձեռնարկվեն դրանից բխող համապատասխան միջոցառումներ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG