Մատչելիության հղումներ

ԶՈւ Գլխավոր շտաբը հորդորում է «դադարեցնել անհիմն մեղադրանքները»


Զինված ուժերի գլխավոր շտաբը ըստ էության «անհիմն մեղադրանք» է որակում վարչապետի հայտարարությունը, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ է գնացել իր հրաժարականը պահանջելու քայլին։

Փաշինյանի հրավիրած հանրահավաքից հետո տարածած հայտարարությամբ Գլխավոր շտաբը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ «անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ»։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով», - ասված է հայտարարությունում։

Ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, ո՛չ էլ նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունից դեռ չեն արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին հասցեին ուղղված աղմկահարույց հայտատարությանը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը միայն սահամանփակվեց կարճ արձագանքով, թե ցանկություն չունի մեկնաբանել Փաշինյանի հայտատարությունը՝ հավելելով, որ նա պետք է հեռանա։

Վարչապետը երեկ Հանրապետության հրապարկում հրավիրված հանրահավաքի ընթացքում պնդել էր․ - «Գլխավոր շտաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից»։

Արդյոք նախագահը կստորագրի Օնիկ Գասպարյանին հեռացնելու վերաբերյալ վարչապետի երկրորդ առաջարկը, դեռևս պարզ չէ։ Նախագահականից առայժմ չեն մեկնաբանում։

Նախագահը, ըստ Սահամադրության, եռօրյա ժամկետ ունի՝ կա՛մ պետք է ստորագրի Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան։ Այսօր լրանում է երկրորդ օրը։

Եթե նախագահը ոչ ստորագրի, ոչ էլ դիմի Աահմադրական դատարան, ապա հրամանագիրն ուժի մեջ կմտնի օրենքի ուժով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG