Մատչելիության հղումներ

«Էսօր դուք ապացուցեցիք, որ մենք արդեն վերականգնվում ենք»․ Վազգեն Մանուկյանը բեկումնային որակեց երեկվա հանրահավաքը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» երեկ կայացած հանրահավաքը բեկնումային էր, իր ելույթի ընթացքում հայտարարեց ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Միշտ ինձ հարց էի տալիս՝ բայց կկարողանա՞նք նորից վերածնվել, վերականգնվել, որովհետև շենք կառուցելը չի վերականգնվելը, վերականգնվելը ոգին է, կկարողանա՞նք էդ ոգին վերականգնել։ Էսօր դուք ապացուցեցիք, որ մենք արդեն վերականգնվում ենք, բանակն արդեն վերականգնվում է», - հայտարարեց Մանուկյանը։

Ընդդիմադիրները գրեթե մեկ շաբաթ է փակ են պահում Բաղրամյան պողոտան, երեկ հայտնի դարձավ, որ նրանք շարունակելու են մնալ այնտեղ։

Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ իրենց նպատակը վատ ղեկավարին լավով փոխելը չէ։ «Մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Մեր սխալներն էին, մոր վրիպումներն էին, մեր հանցագործություններն էին, որ բերեցին նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը։ Եվ եթե մենք նույն ձևի շարունակենք, էլի թշնամիներ կգրավեն Հայաստանը»։

Մանուկյանն անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետ Փաշինյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանին երկրորդ անգամ ուղարկած միջնորդությանն՝ ընդգծեց՝ իրենք պետք է կանգնած լինեն, որ նախագահն ամուր լինի։

Արմեն Սարգսյանն առաջին անգամ այն հետ էր ուղարկել՝ նշելով՝ սահմանադրական խնդիրներ կան այդ որոշման մեջ։

«Հետո հարցն անցնելու է Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կանգնած լինենք, որ Սահմանադրական դատարանն ամուր ձևով պաշտպանի մեր բանակի, մեր ժողովրդի, մեր ազգի շահերը», - ասաց Մանուկյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ Բաղրամյան պողոտան իրենց պայքարի հրապարակ ու տուն կոչեց։ «Սա մեր տունն է, սա մեր խրամատն է, սա հայ ժողովրդի պայքարի հրապարակն է։ Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, եթե այս դավաճանին հեռացնենք», - հայտարարեց Սաղաթելյանը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողները բազմիցս խոսեցին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասին՝ պնդելով, թե իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել մարդկանց հրապարակ բերելու համար։

«Նա ուզում է արտահերթ ընտրությունների գնալ այնպես, ինչպես այդ հանրահավա՞քն է կազմակերպել», - ասաց «Հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արա Սահակյանը՝ շարունակելով․ - «Նա ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ օգտագործելով համայնքապետերին փոխող օրենքը, նա ուզում է արտահերթ ընտրությունների գնալ՝ օգտագործելով մարզպետների ռեսուրսները, նա ուզում է արտահերթ ընտրությունների գնալ՝ օգտագործելով իրեն հավատարիմ օլիգարխների փողերը։ Չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը և այս վարչախումբը մնա աթոռին ու կազմակերպի արտահերթ ընտրություններ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG