Մատչելիության հղումներ

Նավալնիի թիմը հետաքննություն է հրապարակել Պուտինի ծովափնյա պալատի մասին


Երեկ երեկոյան ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հրապարակել է իր հերթական հետաքննության արդյունքները՝ մանրամասնորեն ներկայացնելով կոռուպցիոն այն սխեմաները, որոնցում ներգրավված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հետաքննությունը իրականացվել է վերջին ամիսներին՝ Նավալնու՝ Գերմանիայում բուժման ընթացքում։

«Այս հետաքննության անցկացման միտքը ծագեց դեռ այն ժամանակ, երբ ես վերակենդանացման բաժանմունքում էի։ Դրա հետ մեկտեղ մենք միանգամից պայմանավորվեցինք, որ այն կհրապարակվի, երբ ես վերադառնամ Ռուսաստան, քանի որ չէինք ցանկանում որպեսզի այս ֆիլմի գլխավոր հերոսին թվա, որ մենք նրանից վախենում էինք», - նշում էր Ալեքսեյ Նավալնին՝ շուրջ երկու ժամ տևողությամբ հետաքննական ֆիլմի ներածությունում։

Նավալնիի և նրա թիմակիցների պնդմամբ, Պուտինն ու նրա մերձավոր շրջապատը ստվերային գործողությունների միջոցով շուրջ 1 միլիարդ 360 միլիոն դոլար են ծախսել Ռուսաստանի նախագահի Սև ծովի ափին գտնվող պալատական համալիրի կառուցման համար։

Նավալնիի խոսքով՝ այդ գումարի մեծ մասը նախատեսվում էր ծախսել ռուսաստանյան հիվանդանոցների վերազինման համար։ Ծովափնյա Գելենջիկ քաղաքի հարևանությամբ գտնվող պալատի ընդհանուր տարածքն, ըստ հետաքննության հեղինակների, շուրջ 18 հազար քառակուսի մետր է կազմում։

XS
SM
MD
LG