Մատչելիության հղումներ

Նավալնիի գործով դատական նիստը ընթանում է Խիմկի քաղաքի ոստիկանության բաժանմունքում


Անցած գիշերն Ալեքսեյ Նավալնին անցկացրեց մերձմոսկովյան Խիմկի քաղաքի ոստիկանական բաժանմունքում։ Հենց այստեղ էլ քիչ առաջ մեկնարկեց դատարանի արտագնա նիստը, որը պետք է սահմանի ընդդիմադիր գործչի խափանման միջոցը։

«Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Բառացիորեն մեկ րոպե առաջ ինձ դուրս բերեցին խցից փաստաբանների հետ հանդիպման համար։ Իսկ այստեղ Խիմկիի դատարանի նիստ է, ինչ-որ մարդիկ նստած են դահլիճում, ինչ-որ մարդիկ ինձ նկարահանում են։ Այս ամենը կոչվում է Խիմկիի դատարանի դռնբաց նիստ, և քննության է դրվել ոստիկանության բաժանմունքի պետի հայցի հիման վրա ինձ կալանավորելու հարցը։ Ինչո՞ւ է դատարանի նիստն ընթանում ոստիկանության բաժանմունքում, ինչո՞ւ որևէ մեկը այս նիստի մասին չի ծանուցվել», - վրդովված նշում էր Նավալնին իր մամուլի խոսնակ Կիրա Յարմիշի թվիթերյան օգտահաշվում տեղադրված կարճ տեսանյութում։ Ընդդիմադիր գործիչը ենթադրում է, որ այս քայլին իրավապահները դիմել են Կրեմլի և անձամբ նախագահ Պուտինի հրահանգների հիման վրա։

«Ըստ երևույթին բունկերում նստած այդ պապն այն աստիճանի է ամեն ինչից վախենում, որ ցուցադրաբար պատռել և դեն են նետել քրեադատավարական օրենսգիրքը։ Այն, ինչ տեղի է ունենում այժմ, ուղղակի անպատկերացնելի է։ Սա անօրինականության ամենավերջին աստիճանն է, այլ կերպ դա անվանել ես չեմ կարող», - հայտարարում է Նավալնին։

Ալեքսեյ Նավալնին Խիմկիի թիվ երկու ոստիկանական բաժանմունքում հայտնվեց կիրակի երեկոյան՝ Գերմանիայից վերադառնալուն պես։ Ռուսաստանյան ընդդիմության փաստացի առաջնորդի վերադարձը, որի մասին նա հայտարարել էր անցած շաբաթավերջին, արագորեն վերածվեց մի իսկական ոդիսականի, որն ուղիղ եթերում լուսաբանում էին գրեթե բոլոր առաջատար արևմտյան լրատվամիջոցները։

Նախապես ենթադրվում էր, որ «Պոբեդա» ավիաընկերության՝ Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներին տեղափոխող Բեռլին-Մոսկվա չվերթը վայրէջք կկատարի մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում։ Կեսօրից այստեղ անվտանգության ուժեղացված միջոցառումներ էին ձեռնարկվում, իսկ Նավալնիի հարյուրավոր կողմնակիցները Ռուսաստանի եվրոպական մասի տարբեր ծայրերից ժամանում էին մայրաքաղաք՝ օդանավակայանում իրենց առաջնորդին դիմավորելու մտադրությամբ։

Օդանավի վայրէջքից հաշված րոպեներ առաջ, սակայն, Մոսկվայի ավիացիոն իշխանությունները հայտարարեցին, որ «Վնուկովոյում» առատ տեղացած ձյան պատճառով թռիչքուղիների հետ կապված տեխնիկական խնդիրներ են ծագել, ուստի այդ պահին ժամանող բոլոր օդանավերը վերահասցեագրվեցին մոսկովյան այլ օդանավակայաններ։

Նավալնիին տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց «Շերեմետևոյում»։ Դրան զուգահեռ ոստիկանությունն արգելափակեց Մոսկվայի խոշորագույն այդ օդանավակայան տանող ճանապարհների մի մասը՝ փորձելով թույլ չտալ, որ «Վնուկովոյում» հավաքված լրագրողներն ու ակտիվիստները տեղափոխվեն «Շերեմետևո»։

Իշխանությունների ձեռնարկած հենց այս տենդագին քայլերին էր նվիրված Ալեքսեյ Նավալնիի՝ հայրենիք վերադառնալուց հետո արված առաջին հայտարարությունը։ «Սա իմ ընտրությունը չէր։ Մեկ վարկյան անգամ նման հարցադրում չի հնչեցվել՝ վերադառնալ, թե ոչ։ Բայց սա վկայում է, թե ինչպես պետք է պայքարել այստեղ։ Սա ախր ոչ միայն ինչ-որ նողկալի գողերի, այլև ոչնչությունների իշխանություն է, որոնք հիմարությամբ են զբաղված», - ասում էր Նավալնին։

Այս հայտարարությունից հաշված րոպեներ անց «Շերեմետևոյի» սահմանապահ անցակետում Նավալնին ձերբակալվեց։

Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայությունը պնդում է, որ արտերկրում գտնվելու ընթացքում Նավալնին խախտել է նախկինում ուժի մեջ մտած դատավճռով սահմանված փորձաշրջանի պահանջները։ Դրանից ելնելով` ծառայությունը դիմել էր դատարան՝ խնդրելով Նավալնիի դեմ կայացված պայմանական դատավճիռը փոխարինել ազատազրկմամբ։

XS
SM
MD
LG