Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր հայտարարել է, որ Գերմանիայից Մոսկվա կվերադառնա արդեն այս շաբաթավերջին։ Սոցիալական ցանցերում տեղադրված տեսաուղերձում Նավալնին նշել է, որ գնել է հունվարի 17-ի Բեռլին-Մոսկվա չվերթի տոմսը։
«Գերմանիա գալը իմ ընտրությունը չէր։ Սա հիանալի երկիր է, բայց ես այստեղ եմ հայտնվել ոչ իմ կամքով։ Ես այստեղ եմ հայտնվել, որովհետև ինձ փորձում էին սպանել այն մարդիկ, որոնք այժմ էլ նեղացել են, որ դա իրենց չի հաջողվել։ Այժմ էլ նրանք ինձ ազատազրկմամբ են սպառնում», - հայտարարել է Նավալնին։
Ընդդիմադիր գործիչը Բեռլին էր տեղափոխվել օգոստոսին՝ թունավորման փորձից հետո։ Գերմանացի բժիշկների եզրակացության համաձայն, Նավալնիին փորձել էին թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։
Ընդդիմադիր գործչի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա դեմ նոր քրեական գործ է հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։