Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալել են


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ժամանելուն պես: Նավալնին ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:

Ոստիկանությունն անձնագրային հսկողություն անցնելուց հետո բերման է ենթարկել Կրեմլի 44-ամյա քննադատին: Նավալնիի փաստաբանին, որը ճանապարհորդում էր նրա հետ, թույլ չեն տվել ուղեկցել նրան:

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայությունը հաստատել է նրա ձերբակալությունը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը փակել է Շերեմետևո օդանավակայան տանող հիմնական մուտքի ճանապարհը՝ ակնհայտորեն փորձելով կանխել Նավալնիի կողմնակիցների մուտքն այնտեղ: Հիշեցնենք, որ Նավալնին որոշեց վերադառնալ Ռուսաստան, չնայած նրան, որ իշխանությունները հայտարարել էին նրան ձերբակալելու մասին: Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ մարդկանց, ովքեր սպասում էին Նավալնիի Վնուկովո օդակայան ժամանելուն, սակայն վերջին պահին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքը ուղղորդվել է դեպի Շերեմետևո:

Ընդդիմադիր գործիչն անցած տարվա օգոստոսից էր գտնվում Բեռլինում: Ըստ գերմանացի բժիշկների` Նավալնիին փորձել էին թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։ Նավալնիի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա դեմ նոր քրեական գործ է հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։

Շաբաթասկզբին էլ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ից նա գտնվում է դաշնային հետախուզման մեջ: Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը օրեր առաջ հայտարարել էր վերադառնալու մտադրության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG