Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը. փաստաբան


Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են իրենց տարածքում գտնվող, Հայաստանի քաղաքացի, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների կողմից մայիսից հայտարարված հետախուզումը։

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց՝ հետախուզման դադարեցման մասին իրեն անձամբ հայտնել է Ռուսաստանում գտնվող պաշտպանյալը։ Մակինյանը, սակայն, դեռևս որևէ պաշտոնական փաստաթուղթ չունի:

«Այնքան ակնհայտ է, որ չի կարելի հետախուզել մի մարդու, որի գտնվելու վայրն ի սկզբանե հայտնի է, պարզ է՝ այդ ձևական առումով քրեադատավարական տերմիններ տենց կիրառելը, բարձր այդ մասին ասելն ու անընդհատ թմբկահարելը: Ռուսաստանի իրավապահ մարմինները, այո, դադարեցրել են պարոն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը», - ասաց Մակինյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչը կարող էր Ռուսաստանի նման որոշման հիմք դառնալ, փաստաբանն արձագանքեց՝ դեռևս տեղեկություններ չունի։ Նա նաև տեղյակ չէ՝ արդյո՞ք իր պաշտպանյալը ՌԴ քաղաքացի է։ Ենթադրվում է, որ հենց այս պատճառով է Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել երկու տարբեր քրեական գործերով մեղադրյալ Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։

Հարցին՝ հետախուզման դադարեցման հիմքը ո՞րն է, Մակինյանը պատասխանեց. «Ես որևէ պաշտոնական փաստաթղթի չեմ տիրապետում, իմ ձեռքի տակ դեռևս չկա, որ հղում կատարեմ, այդ իսկ պատճառով այս պահին ձեռնպահ մնամ»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց, որ տեղեկություն չունեն հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ: Նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվելու, դրա հիմքերի վերաբերյալ տվյալները ստուգման փուլում են: Այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազությանը, պատասխան դեռևս չեն ստացել։

Նախկին իշխանության ներկայացուցիչը մեղադրվում է իր նախկին աշխատակցին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության, լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություները չարաշահելուն դրդելու համար։ Ըստ քրեական մյուս գործի էլ՝ 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը 2014-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդում ավելի քան 169 միլիոն դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո էլ այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Հայրապետյանը մեկնել էր բուժման 4 ամիս առաջ՝ մարտին։ Փաստաբանն այն ժամանակ պնդում էր, թե նա պատրաստ էր վերադառնալ Հայաստան, սակայն կորոնավիրուսի պայմաններում, երբ թռիչքներ չկային, Հայրապետյանի վերադարձը դժվար էր կազմակերպել։ Սրան հետևել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան պատրաստակամությունը աջակցել Հայրապետյանին վերադառնալ հայրենիք։ Բայց հետո էլ փաստաբանը հայտարարեց, թե բուժման նպատակով Ռուսաստան մեկնած Հայրապետյանի բժիշկը կորոնավիրուսի պատճառով նրան հորդորել է ռիսկի չդիմել։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Ամրամ Մակինյանը կրկին պնդեց՝ պաշտպանյալին առնչվող քրեական գործերն անհիմն են ու հետապնդման նպատակ ունեն։

«Սկսեցին արշավ պարոն Հայրապետյանի նկատմամբ, դրանք հանգեցրին նրան, որ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնք քրեական գործ լինելու հետ էնքան աղերս ունենք, ինչքան որ դրանք գրված են թղթի վրա: Դրանց իրավական տեսանկյունից, շատ ազնիվ լինեմ, կշիռը ես գնահատում եմ, որ դրանք ոչ այլ ինչ են, քան Ռուբեն Հայրապետյանի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու ինչ-որ պատրանք, որոնք, անկեղծ, պատրանքի շեմը չեն հաղթահարում», - ասաց Մակինյանը:

Ռուսաստանում գտնվող ու քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներին հայաստանյան իրավապահներին չհանձնելու դեպքեր վերջին երկու տարում էլի են եղել։ Ավելի վաղ, Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին հանձնել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Վերջինս, պարզվեց, Ռուսաստանի քաղաքացի է և ռազմավարական դաշնակցի Հայաստանին մերժելու պատճառը հենց դա էր։

Ռուսաստանը նաև չի վերադարձրել Մարտի 1-ի գործով ապացույցները կեղծելու համար մեղադրվող, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին՝ պատճառաբանելով, թե ՌԴ օրենսդրությամբ՝ Հարությունյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Ռուսաստանը մերժեց նաև Հայաստան արտահանձնել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ պատճառաբանելով, թե իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը կարող է վնաս պատճառել իր ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասել իր օրենսդրությանը: Հայտնի է, որ նախկին իշխանության մի քանի այլ ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում մեղադրյալի կարգավիճակ ունեն, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։

XS
SM
MD
LG