Մատչելիության հղումներ

Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը», չի ընդունում մեղադրանքը


Օրերս Ռուսաստանից արտահանձնված և երկու ամսով կալանավորված «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը։

Նրա փաստաբան Աշոտ Սարգսյանն «Ազատությանը» մանրամասներ չփոխանցեց, թե որոնք են իրենց փաստարկները մեղադրանքը չընդունելու հարցում։ «Մեղադրանքը չի ընդունում, իսկ ելնելով նախաքննության գաղտնիքներից ոչինչ չեմ կարա ասեմ», - ասաց փաստաբանը:

Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար։ Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը և կալանավորել ՀՀԿ նախկին պատգամավոր Սարգսյանին։ Փաստաբանն ասաց՝ դատարանի որոշումը դեռ չի ստացել և չի կարող ասել, թե դատավոր Մնացական Մարտիրոսյանն ինչու է որոշել կալանավորել պաշտպանյալին։ Ասաց՝ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկի վերաքննիչ դատարանում։

Լևոն Սարգսյանը, որը հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան օգոստոսի 6-ին: Նախկին իշխող Հանրապետականի պատգամավորն անցած տարվա նոյեմբերին հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, ապա՝ կալանավորվել։

Սարգսյանը 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահների կողմից որոնվող ու Ռուսաստանում թաքնվող առաջին նախկին պաշտոնյան է, որին այդ երկրի իշխանությունները արտահանձնեցին։ Ռուսաստանում են գտնվում նաև հեղափոխությունից հետո մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ նախկին պաշտոնյաներ՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

XS
SM
MD
LG