Մոտ երկու ժամ է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի քննությունը։
Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Խաչատրյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը զուգահեռաբար քննվելու է խափանման միջոցի քննության հետ միասին։
Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրո եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել մեղադրվում է միայն առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:
Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:
Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնավորապես՝ 2008 թվականից, զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից 2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը։
Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դեռ չի հստակեցրել, թե մեղադրանքը կոնկրետ որ ժամանակահատվածում արված չարաշահումներին է վերաբերում։ Փաստաբանը չցանկացավ անդրադառնալ նաև այն հարցին, թե իրենք մեղադրանքն ընդունո՞ւմ են, թե՞ ոչ։
Գագիկ Խաչատրյանն այսօր ևս ներկա է դատական նիստին։