Մատչելիության հղումներ

Արտգործնախարարի որոշ պատասխաններ բավարարել են ընդդիմադիրներին, որոշները՝ կիսատ մնացել


«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը զրուցում է լրագրողների հետ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, 9 հունվարի, 2021թ.
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը զրուցում է լրագրողների հետ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, 9 հունվարի, 2021թ.

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները՝ շարժման վարչապետի թկենածու Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ ավարտեցին հանդիպումը արտգործնախարար Արա Այվազյանի հետ։

Երեկ ուշ երեկոյան Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել Ֆեյսբուքով՝ մտահոգություն հայտնելով, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, և պահանջում էր այսօր հանդիպում արտգործնախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ։

Հանդիպումից հետո «Ազատության» հարցին՝ արդյոք ընդդիմադիր գործիչները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, Վազգեն Մանուկյանն ասաց՝ որոշ պատասխաններ բավարարել են, որոշները կիսատ են մնացել. «Նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ավելի մանրամասնություններին, մենք դեռ հանդիպում ունենք շտաբի պետի հետ: Այդ բոլոր հանդիպումներից հետո մենք կամփոփենք և հայտարարություն կանենք: Ավել բան ասել ես չեմ կարող»:

Արտգործնախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ևս փակագծեր չբացեց հանդիպումից՝ ասելով միայն՝ բաց են ամեն տեսակի քննարկումներին. «ԱԳՆ-ն միշտ բաց է քաղաքական ուժերի հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ քննարկման` միտված Հայաստանի ազգային և պետական շահերի պաշտպանությանը»:

Մամուլում, ի դեպ, այսօր շրջանառվում էր մի լուր, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին և պաշտպանության նախարարին։ Կառավարությունն այս հարցով մեկնաբանություն, սակայն, չի տալիս։

Ընդդիմադիր շարժման համակարգող դաշնակցական Իշխան Սաղաթելյանն էլ ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ դեռ հստակ չեն կարող ասել՝ կկայանա արդյոք շարժման ներկայացուցիչների հանդիպումը ԱԱԾ տնօրենի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ. «Ընթացքի մեջ է, լրացուցիչ կասենք»:

Երեկ տարածած հայտարարության մեջ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, ընդգծել՝ ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, ինքնիշխանությունը նվազել է, և խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը: «Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով»,- ասված էր հայտարարության մեջ։

Նշենք, որ Կառավարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ վարչապետ Փաշինյանը երկուշաբթի մեկնելու է Մոսկվա։ Այդուհանդերձ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն իր գրավոր խոսքում նաև ընդգծել է, որ վերոնշյալ պաշտոնյաները պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում, Մանուկյանի պնդմամբ, պարտավոր են կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրեց նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, «Արդարություն» կուսակցության առաջնորդ Վիտալի Բալասանյանը՝ կոչ անելով Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ժամ առաջ հասնել Հայաստանի վարչապետի հրաժարականին:

«Ազատության» հարցին՝ արդյոք այսպիսով Բալասանյանը միացե՞լ է հայաստանյան ընդդիմադիր 17 ուժերի շարժմանը, դաշնակցական Սաղաթելյանն ասաց՝ ով դեմ է Փաշինյանին, իրենց կողմնակիցն է։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ բողոքի անհնազանդության ակցիաները շարունակվելու են. «Մեր ծրագրերի մեջ ոչինչ չի փոխվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG