Մատչելիության հղումներ

Մի շարք կազմակերպություններ Կառավարությունից պահանջում են թափանցիկություն և հաշվետվողականություն


Հայաստանյան մի շարք կազմակերպություններ, այդ թվում ՀԿ-ներ, նաև անհատ իրավապաշտպաններ Հայաստանի կառավարությունից պահանջում են առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում՝ իր բոլոր, հատկապես՝ Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունների վերաբերյալ։ Այս մասին նրանք նշել են տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվությունը բացակայում է, առկա է Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը:

Հայտարարության հեղինակները կառավարությունից պահանջում են նաև վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպին. «Երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր և հասարակությանը կանգնեցնում են այլևս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով և վտանգելով Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանում և Արցախում մարդկանց անվտանգությունը»:

Կոչ են անում հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա, արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ, անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի և նորմերի համաձայն գործող երկկողմ և բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին և զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ:

«Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG