Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայողների ծնողները շարունակում են ակցիաները. տրված պատասխանները չեն գոհացնում


Ժամկետային զինծառայողների մի խումբ հարազատներ երկու օր է` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով արձակուրդ եկած իրենց զավակներին այլևս չուղարկել Արցախ։ Նրանց պնդմամբ՝ զինծառայողների անվտանգության երաշխիքներ չկան, քանի որ պատերազմի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո էլ զինվորներ են գերեվարվել. «Իմ երեխեն խի՞ պիտի գնա, Ղարաբաղ ծառայի, Հայաստանը ուրիշ սահման չունի՞ պահելու, թող բոլոր երեխեքին տանեն Հայաստանի Հանրապետության սահմաններում ծառայելու, ոչ մի ծնող էստեղ դեմ չի»:

Զինծառայողների հարազատների պնդմամբ՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը հսկող ռուս խաղաղապահներն արդեն մի քանի անգամ թույլ չեն տվել, որ արձակուրդից Արցախ վերադարձող զինվորները մուտք գործեն Ղարաբաղի տարածք. «Սկսած նրանից, որ երեխեքին համոզում են, որ գրաժդանսկի հանգնված մտնեն, խի՞, եթե զինվոր է իմ երեխեն, թող զինվորականի ուղեկցությամբ, ոչ թե շոֆեռի հույսին դնեն, ոչ մի գեներալ, ոչ մի պատասխանատու ավտոբուս չնստի, ուղարկեն Ղարաբաղ: Երկու անգամ երեխեքին ուղարկել են, երկու անգամ երեխեքին ռուսները հետ են ուղարկել», - ասում է ծնողներից մեկը:

Պաշտպանության նախարարությունն օրեր շարունակ չի պատասխանել արձակուրդից վերադարձող զինվորների՝ Արցախ մուտք գործելու արգելքների վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

Բողոքի դուրս եկած զինծառայողների ծնողները միևնույն ժամանակ պահանջում են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանի տարածքում. «Որովհետև ինքը խոստացել է, երդում է տվել` ես ծառայում եմ Հայաստանին, էլի մերն ա, Ղարաբաղն էլ ա մերը, մենք դեմ չենք, բայց փաստացի հիմա որ ռուսն է պահում Ղարաբաղը, ու չի կարում անցնի, ռուսն էլ տեր չի կանգնում»:

«Իմ երեխեն պարտավոր է ծառայելու իր Հայաստանի Հանրապետությանը, պարտավոր է, շեշտում եմ, բայց ոչ Ղարաբաղում», - ասում է մյուսը:

Ծնողներից մի խմբի այսօր հրավիրեցին զինվորականներից մեկի հետ հանդիպման, որը շուրջ մեկ ժամ տևեց։ Այդուհանդերձ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ծնողներին զինվորականի պատասխանները չէին գոհացրել:

«Պատասխանն այն է, որ էն երեխեքը մեղկ են, մնացած ծնողներն էլ մեղկ են, որ գան, տենան էտ ծնողներն էլ իրենց երեխեքին, բայց մենք էլ վստահ չենք, որ էտ երեխեն ապահով հասնելու է Ղարաբաղ»:

Ժամկետայինների հարազատները հայտնեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաներ իրականացնել։

XS
SM
MD
LG