Առաջիկա ժամերին տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում քիչ առաջ ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Արտգործնախարարությունից ավելի ուշ «Ազատությանը» փոխանցեցին, որ հանդիպումը նախատեսված է ժամը 17:00-ին:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, երեկ ուշ երեկոյան դիմելով արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, պահանջել էր այսօր՝ հունվարի 9-ին հանդիպում շարժման ներկայացուցիչների հետ:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ դեռ հստակ չեն կարող ասել՝ կկայանա արդյոք շարժման ներկայացուցիչների հանդիպումը ԱԱԾ տնօրենի և ԳՇ պետի հետ։
Երեկ տարածած հայտարարության մեջ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել էր, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, ընդգծել. «Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, ինքնիշխանությունը նվազել է, և խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով»,- ասված էր հայտարարության մեջ։
Նշենք, որ Կառավարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ վարչապետ Փաշինյանը երկուշաբթի մեկնելու է Մոսկվա։ Այդուհանդերձ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն իր գրավոր խոսքում նաև շեշտել է, որ վերոնշյալ պաշտոնյաները պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում, Մանուկյանի պնդմամբ, պարտավոր են կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։