Մատչելիության հղումներ

Որոտանի վիճահարույց տարածքում ռուս խաղաղապահները հայ ու ադրբեջանական կողմերի հետ քննարկում են իրավիճակը


«Ճանապարհը փակ է, ընդհանուր մայրուղին փակ է, թուրքի ներկայացուցիչը ստեղ հայտարարություն է անում, որ տասը օր առաջ հայտարարված է, որ բնակիչները լքեն իրենց տները»:

Շուռնուխ գյուղի բնակիչները օրվա երկրորդ կեսից փակել են Գորիս-Կապան մայրուղու Շուռնուխի հատվածը, այս գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին: Ըստ գյուղապետ Հակոբ Արշակյանի՝ այսօր բնակիչները հեռանալու վերջնաժամկետի մասին են լսել:

Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման ցավոտ գործընթացը շարունակվում է: Առավոտից էլ Որոտան համայնքում էին հավաքվել ռուս խաղաղապահ զորքի, հայկական ու ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ՝ քննարկելու իրավիճակն այս համայնքում:

«Շենքի մեջ էլ են հանդիպում ու գնում, ամեն տեղից եկել են, տանը հանդիպում է գնում, մինչև տեսնենք` այդ հարցի շուրջ ինչ են անում: Թուրքերն էլ են էնտեղ, իրանք էլ, մերոնք էլ են էնտեղ», - ասում է համայնքի ղեկավարը:

Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանի փոխանցմամբ՝ հավաքը տեղի է ունենում հենց վիճահարույց հատվածում` երկհարկանի տանը, որի տիրոջը՝ Սեյրան Օհանջանյանին, օրեր առաջ ադրբեջանցիները մեկ ժամ էին տվել հեռանալու համար. «Եկան, թե քեզ չենք ասել, որ տարածքը լքես, ասել է` չի, ինձ ոչ մեկը չի ասել: Ասում ա` դե մի ժամ քեզ ժամանակ, մի ժամից էլ կգանք, որ էստեղ եղար, քեզ էլ կտանեմ հետս»:

Որոտանցի Սեյրան Օհանջանյանը գյուղապետի եղբայրն է, պատմեց՝ տարածքն այգեգործական ընկերությանն է պատկանել, մարդիկ տարիներ առաջ գործկոմի որոշմամբ այստեղ հողեր են ստացել ու տնտեսություն հիմնել, ինքը երկհարկանի տուն է կառուցել և հեկտարներով այգի հիմնել. «Ինչ կա-չկա, էնտեղ է իմը, ամբողջ տարին արաղ էի քաշում, գինի էի քաշում, ես ուրիշ տեղից, 100 դրամ պետությունից եկամուտ չունեմ»:

Օհանջանյանն ասաց՝ իր ողջ ունեցվածքը, եկամտի բոլոր հնարավորություններն անցնում են Ադրբեջանին, միլիոնավոր վարկեր ունի, փոխհատուցման մասին ոչ ոք այգեգործականի բնակիչների հետ չի խոսել. գործադիրի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել էր՝ կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշտպանված. «Ոչ մեկը ոչ մի բան չի ասել, փոխհատուցումը, չգիտեմ, ես էնքան ընկճված եմ, անկեղծ եմ ասում` իմ հոգեբանական վիճակը շատ վատ է, շատ վատ»:

Որոտանի համայնքապետը շաբաթներ շարունակ ահազանգում էր, խնդրում մասնագետներ գործուղել՝ օգնել իրենց ապացուցելու, որ այս հողերը հայկական են, այգեգործականի հողերը բնակիչներին տալու որոշումն, ասում է, 80-ականններին է եղել. «15-20 օր է` ասում եմ, մի ամիս է` ասում եմ` գան, մեկը թող ասի` սահմանը որն է, խնդրում եմ, հեսա մի ամիս ա, չկա վերադաս մեկը, որ ասի` սահմանը որն է»:


Սյունիքի մարզում Որոտան ու Շուռնուխ համայնքներն են, որ սահմանի ճշգրտման այս փուլում ոչ միայն հողատարածքներից, այլև բնակավայրից են տարածք ու տներ կորցնում. «Այգի եմ հիմնել, էստեղ ծախս եմ կատարել, ո՞վ է իմ փոխհատուցումը տալու, դուք այն ժամանակ այգեգործական ընկերության հող եք հատկացրել մեզ, թե մերն ա, հիմա եկել եք, նստել, թե մեկ միլիմետր հող չենք տալու: արոն Փաշինյան, էտ դրա՞ համար ենք պայքարել ձեզ հետ»:

Սահմանները ճշգրտվում են խորհրդային քարտեզների հիման վրա, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր վարչապետ Փաշինյանը։ Այսօր էլ ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է. «Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները` մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարեւանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ»։

Իսկ «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը հայտնվել էր երեկ Գորիս -Կապան մայրուղու վրա։ Գորիսի փոխքաղաքապետն էր լուսաբանում այս փաստը: Ժամեր անց Ադրբեջանի քարտեզով ցուցանակը ողջունող տեքստը փակվել էր սև ներկով։




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG