Սյունիքի մարզում կարող են դեպքեր լինել, որ ադրբեջանցիները հայտնվեն Հայաստանի սահմանի մոտ, մտահոգվելու պատճառ չկա, վստահեցնում է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու խորհուրդ տալիս սյունեցիներին նման դեպքերում ահազանգել Ազգային անվտանգության ծառայության թեժ գծին:
«Բայց պետք չի պանիկայի ենթարկվել: Այդ տեսանյութերը, ես նորից եմ ասում` տեսանյութը սոցցանցերում գնում է, դա 4 օրվա է, կարող է մեկ ուրիշ տեսանյութ լինի: Այնպես որ, պետք է այստեղ շատ հստակ գործել, կապվել թեժ գիծ ԱԱԾ-ի և ներկայացնել` ինչ է տեղի ունենում», - ասում է նա:
Եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի հարավային սահմանն էլ է փոխվել։ Սյունիքի մի շարք համայնքներից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին։ Կապանը դարձել է սահմանապահ։ Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհահատվածը վերահսկելու են հայ, ռուս, ադրբեջանցի սահմանապահները։ Այս օրերին սահմանազատման աշխատանքներ են կատարվում, հայկական ու ադրբեջանական դիրքերը` ճշգրտվում. «Ունենում ենք մի իրավիճակ, երբ որ անվտանգությունը շարժի այդ ճանապարհի ապահովված է»:
Երեկ տեսանյութ էր տարածվել, որ մի խումբ ադրբեջանցիներ Գորիս-Կապան մայրուղում են` Որոտան գյուղի մոտակայքում, ադրբեջանական դրոշով։ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, Ֆեյսբուքում հրապարակելով կադրերը, դիմեց վարչապետ Փաշինյանին, թե «Ադրբեջանի դրոշը ծածանվում է Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ»։
Երեկ ուշ երեկոյան միայն «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում պաշտպանության նախարարը պարզաբանեց` սահմանների ճշգրտման աշխատանքները շարունակվում են, հնարավոր է` էլի լինեն նման տեսանյութեր. «Միջադեպեր կարող են լինել, որ սահմանի մոտ գան: Եվ հիմա, նորից եմ ասում, աշխատանքներ են տարվում, և այստեղ մտահոգվելու որևէ մի բան չկա, այստեղ պետք է շատ ուշադիր լինել, և ԱԱԾ-ն մի քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ եթե այդպիսի դեպքեր են լինում, անհասկանալի մեր քաղաքացիների համար, ապա իրենք պետք է կապվեն թեժ գիծ ԱԱԾ-ի և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի բացահայտվի` ինչ է տեղի ունեցել, և մեր հանրությունն իմանա»:
Երեկ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն էր սյունեցիներին հորդորել անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի հեռախոսահամարով: Այս հաղորդագրությունը ժամեր շարունակ բուռն քննարկվում էր սոցիալական ցանցերում։ Օգատերերը քննադատում ու ծաղրում էին, թե ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս գերեվարվելիս զանգահարել թեժ գծին։ Չնայած պաշտպանության նախարարի վստահեցումներին` Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն անհանգստանալու լուրջ պատճառ ունի. «Ես ադրբեջանցու հետ կապված վստահություն չունեմ»:
Միանշանակ չի կարելի ասել` անվտանգ է, ադրբեջանցիների հետ խնդիրներ դեռ շատ կծագեն, ասաց սահմանապահ Կապանի համայնքապետը: Ազգային անվտանգության ծառայության թեժ գծին էլ, ցավոք, զանգեր դեռ կլինեն. «Ցանկացած միջադեպ էլ կարող է լինել` սկսած անասունի գողությունից, ավարտված մարդու առևանգումից: Այս ամեն ինչը, գիտեք, դեռ սկիզբն է, ոչինչ միանշանակ չի կարելի ասել` անվտանգ, որովհետև լարված են, արդեն այսօրվանից ամբողջովին թուրքերի շարժը երևում է: Բնական է, որ մարդկանց մեջ լարվածություն է էլի»:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև քննադատություններին, թե Հայաստանի հարավային սահմանը ռուս սահմանապահների պաշտպանությանը հանձնելով՝ Հայաստանը Ռուսաստանին է զիջում ինքնիշխանությունը: Նախարար Հարությունյանն ասաց՝ հակառակը` այդպիսով Հայաստանի ինքնիշխանությունն են ամրապնդում. «Ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ որ անվտանգությունն ապահովված չի, իսկ եթե քայլերը, որոնք ամրապնդում են անվտանգությունը, հակառակը` դա ամրապնդում են և պետության անկախությունը, և ինքնիշխանությունը»: