Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարներին այսօր հաջողվել է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Հադրութում, որտեղ երեկ ադրբեջանական կողմը չէր թույլատրել մուտք գործել։ Սա ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին հիմք էր տվել ենթադրելու, որ, այնուամենայնիվ, այդ հատվածում ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, և չի բացառվում անգամ, որ հայտնաբերվել էր հայկական թաքնված խումբ կամ սա եղել է ապատեղեկատվություն։
«Առավոտյան փրկարարական ջոկատները շարժվել են դեպի Արցախի հարավային տարածքներ, այն տարածքներ, որը հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա հիմնականում եղել է, առավոտյան պայմանավորվածության համաձայն, Ֆիզուլու շրջանը ամբողջ, Հադրութի, ինչպես նաև Զանգելանի և Կուբաթլուի հատվածները, այդ թվում՝ Սյունիքի մարզի Խնձորեսկի մերձակայքը», - ասաց Թադևոսյանը։
Առավոտյան ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն խախտվել է. առանց պատճառաբանության ադրբեջանական կողմը Ֆիզուլիի հատվածից փրկարարական ջոկատներին հետ է ուղարկել՝ թույլ չտալով այնտեղ իրականացնել որոնողական աշխատանքներ։
«Ֆիզուլու հատվածի ջոկատը հետ էր ուղարկվել Կարմիր Շուկա գյուղից, պատճառը դարձյալ անհատ է։ Այնտեղ ադրբեջանցիներն ասել են, որ այսօր Ֆիզուլու հատվածում չեք կարող իրականացնել, իսկ մյուս բնակավայրերում կարող եք։ Երբ որ չեն թույլատրում, դա կապված է լինում կողմերի միջև տեղի ունեցած միջադեպերի հետ, բայց այս վերջին երկու օրերի ընթացքում կարծես թե միջադեպ չի եղել բացի վերջին իրադարձությունը, որը հակասական է, դեռ հստակ տվյալ, տեղեկություն չկա», - նշեց ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
Թե ի՞նչ է տեղի ունեցել Հադրութի Տող գյուղում, կողմերը դեռևս հակասական տեղեկատվություն են տարածում։ Նախ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում «հայկական զինված խմբավորում» է հարձակվել ադրբեջանական ստորաբաժանման վրա։ Ի պատասխան՝ հայկական կողմը հայտնեց՝ «Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, որ Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել»։ «Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել», - հայտարարել է Պաշտպանության բանակը։
Ադրբեջանական և թուրքական մամուլը, սակայն, շարունակում են գրել, որ գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են եղել և երկու կողմից կան զոհեր ու վիրավորներ: Ըստ ադրբեջանական կողմի՝ հայկական կողմից վեց հոգի սպանվել է։ Հայկական կողմը, սակայն, նոր զոհեր ունենալու մասին որևէ տեղեկություն չի տալիս։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ը հայտնաբերվել է 1111՝ և՛ խաղաղ բնակիչների, և՛ զինվորականների աճյուններ, այդ ընթացքում ինը ողջ մարդ է հայտնաբերվել՝ յոթ զինվորականներ ու երկու խաղաղ բնակիչ։