Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանում կսկսի գործել հունվարից


Լեռնային Ղարաբաղում հրդադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանում կսկսի գործել հունվարից․ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ ուղևորվել են Ադրբեջան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Թուրքական NTV հեռուստաընկերության հետ զրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած շաբաթ հայտնել էր, որ խոսքը վեց տասնյակ թուրք զինվորականներից կազմված անձնակազմի մասին է։ 30-60 զինվորականներ, ըստ թուրք նախարարի, անմիջականորեն ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ուղղված վերահսկողական աշխատանքներում։ «Ադրբեջանում նրանց տեղակայման ժամկետները թուրքական կողմը պետք է քննարկի Ռուսաստանի հետ»,- ասել էր Աքարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման այդ կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։

Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստոագրված եռակողմ հայտարարությունը տարածաշրջանում նախատեսում է բացառապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայություն։ Թուրքիա բառն այդ փաստաթղթում հիշատակված չէ։ Եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, սակայն, Բաքուն հայտնեց, թե տարածաշրջանում իր ներկայությունը կունենա նաև թուրքական զինվորական անձնակազմը, հաջորդ օրը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Ըստ այդ փաստաթղթի՝ կենտրոնը հավաքագրելու է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը և ուսումնասիրի համապատասխան բողոքները։ Ռուս-թուրքական համատեղ առաքելության մասին կողմերն առ այժմ այլ մանրամասներ չեն հայտնում։

Թուրքիան, որը ղարաբաղյան 44-օրյա պատերազմում բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների պնդմամբ,սիրիացի վարձկաններ ուղարկում Ադրբեջան՝ հայկական կողմի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հրադադարի շուրջ պայմանավորվածություններից հետո հայտարարեց, թե Անկարան Մոսկվայի հետ իր տեղը կունենա Ղարաբաղում խաղաղապահների շարքում։

Միջազգային լրատվական աղբյուրների տվյալներով՝ ի սկզբանե Թուրքիան պնդում էր հակամարտության գոտում անկախ թուրքական ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման տարբերակը։ Շաբաթներ տևած բանակցությունների արդյունքում, ինչպես հայտարարվեց, կողմերն ընդհանուր հայտարարի եկան համատեղ կենտրոնի շուրջ, որը կտեղակայվի ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ՝ Ադրբեջանում։

«Որևէ թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ»,- հավաստիացնում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով․ - «Թուրքական դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի համար։ Դա Ադրբեջանի այն տարածքն է, որը մոտ չէ Ղարաբաղին և հավելյալ կհամաձայնեցվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG