«Ադրբեջանի նախագահը չնայած բոլոր դժվարություններին` ձեռք է մեկնել Հայաստանին` դրսևորելով բարի կամք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե լինի կայուն խաղաղություն, հնարավոր կլինի կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Սոչիում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին։
Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարմանը նպաստելուն ուղղված Անկարայի ձգտումը, այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո. «Առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Ողջունում ենք հակամարտության կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարմանն աջակցելու Անկարայի ձգտումը, մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև կրակի դադարեցման պարտավորությունների կատարման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»,- ասել է նա։
Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին Սերգեյ Լավրովը խոսեց նաև ահաբեկիչների մասին` հայտարարելով, թե Ռուսաստանն ու Թուրքիան միակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար: Հիշեցնենք` պատերազմի օրերին պաշտոնական Մոսկվան հայտարարում էր, թե Թուրքիան Ղարաբաղ է բերել շուրջ երկու հազար սիրիացի ահաբեկիչների: Եռակողմ համաձայնագրից հետո, սակայն, Մոսկվան գերադասում է այս մասին չխոսել` սահմանափակվելով տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելու հետ կապված մտահոգության մասին հայտարարություններով:
Սոչիում այսօր Չավուշօղլուն նախ տետատետ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, այնուհետև մասնակցել է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը նախապատրաստում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը եկող տարի։
Թուրքական կողմն ընդգծում է, որ 2021-ը հոբելյանական տարի է լինելու երկու երկրների միջև հարաբերությունների համար։ 1921-ի մարտի 16-ին, հիշեցնենք, Մոսկվան ու Անկարան ստորագրել են Մոսկովյան պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը հրաժարվել էր ցարական Ռուսաստանի մի շարք տարածքներից և Թուրքիային հանձնել Ղարսը, Արարատը, Էրիվանյան գուբերնիայի արևմտյան հատվածը, նույն այս պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու երկրները կարևորում են այս պայմանագիրը և համարում այն ռուս-թուրքական բարեկամության հիմքը:
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարում են, որ հարգում են միմյանց, որ համարում են միմյանց խոսքի և գործի մարդ։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի լավ հարաբերություններն այսօր հերթական անգամ շեշտվել են ռուս-թուրքական բանակցություններին։ Ինչևէ, նախօրեին ռուսական կողմը տարածեց հայտարարություն ռուս-թուրքական հարաբերությունների մասին. «Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կարգավորումը: Այս կենտրոնը դիտարկում ենք որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների։ Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է իրավիճակի մոնիթորինգը տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը», - ասված էր ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:
Այսօր համատեղ ասուլիսին Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ժամանակներս:
Մոսկվան ու Անկարան մի շարք տարաձայնություններ ունեն եռակողմ համաձայնագրի հետ կապված․ Մոսկվան, մասնավորապես, շեշտում է, որ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվում է ի լրումն ռուս խաղաղապահների առաքելությանը, Անկարան ու Բաքուն հայտարարում են, որ հրադադարը Ղարաբաղում վերահսկելու են ռուս և թուրք զինվորականները։ Բացի այդ, կան տարաձայնություններ նաև Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ճանապարհի հետ կապված․ Բաքուն ու Անկարան այս ճանապարհը կոչում են միջանցք և դրա կառուցումը կապում են Լաչինի միջանցքի հետ:
Սոչի մեկնելուց առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի դեպ, այսօր մամուլի ասուլիսին մի քանի հարց է հնչել, և այդ հարցերը կապված էին Լիբիայի հետ, որտեղ Մոսկվան ու Անկարան ունեն լուրջ տարաձայնություններ` ի տարբերություն Ղարաբաղի, որի մասին խոսելիս կողմերը փորձում են շրջանցել ակնհայտ տարաձայնությունները: