Մատչելիության հղումներ

ԼՂ հակամարտությունն, ըստ Պեսկովի, հաջողվել է կարգավորել Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողվել է կարգավորել միայն Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի բարիդրացիական և կառուցողական հարաբերությունների շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում։ «Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը՝ արյունահեղությունը կանգնեցնելու նրա ջանքերն, իհարկե, թանկ արժեն, դրանք շատ դժվար է գերագնահատել», - նշել է Կրեմլի խոսնակը «Ռոսիա1» հեռուստաալիքի եթերում։

Նա նաև շեշտել է, որ Պուտինն անձամբ է զբաղվել հրադադարի հարցով և շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ բանակցելով կողմերի հետ։

Հարցազրույցում Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Պեսկովն ասել է, թե Թուրքիան և Ռուսաստանը խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ «Համենայնդեպս անել այնպես, որպեսզի պատերազմ չլինի», - հավելել է Պեսկովը։

Պաշտոնական Մոսկվան պատերազմից հետո պարբերաբար հայտարարում է, որ ղարաբաղյան պատերազմը սպառնում էր նաև Ռուսաստանին։ Երեկ էլ Պուտինի խոսնակն ընդգծել էր, թե ակտիվ մարտական գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ էին, ինչը միջազգային հանրությունը չպետք է թույլ տար։

Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են, թե հարգում ու վստահում են միմյանց։ «Մենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր ունենք, և երբ այդ շրջանակներում երկու պետություններ ղեկավարում են առաջնորդներ որոնք վստահում են միմյանց, որոնք միմյանց համարում են խոսքի մարդ և գործի մարդ, սա գրավական է, որ նույնիսկ, եթե տարաձայնություններ են լինում, եթե ինչ-որ տեղ շահերի բախում է առաջանում, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս ներդաշնակ դուրս գալ այդ իրավիճակից», - հայտարարել է Պեկսվը։

Նշենք, որ վաղը՝ դեկտեմբերի 29-ին Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, Ղարաբաղը բանակցությունների հիմնական հարցերից է լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG