Արցախի պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունն՝ արձագանքելով Ադրբեջանի հայտարարությանը՝ «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին»։
Պաշտպանության բանակն ընդգծում է՝ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Երեկ էլ ադրբեջանական մամուլը գրել էր, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել, երկու կողմն էլ ունի զոհեր ու վիրավորներ։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց, որ Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ) խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈւ ամբողջական վերահսկողության ներքո։