Եվրամիության անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել ընդլայնելու Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների։ Այս մասին ասվում է Բրյուսելում երեկ մեկնարկած Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարությունում։
«Եվրամիությունը հավատարիմ է դաշինքի և անդամ երկրների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության պահպանմանը։ Այդ կապակցությամբ գագաթնաժողովը Եվրամիության խորհրդին հանձնարարում է լրացուցիչ սև ցուցակ կազմել Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների կապակցությամբ», - ասվում է փաստաթղթում:
Դաշինքի անդամ երկրների առաջնորդները նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են հաջորդ տարվա մարտին նախատեսված գագաթնաժողովին ներկայացնել Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ։
Հայտարարությունն ընդգծում է, որ Թուրքիան շարունակում է իր միակողմանի և սադրիչ գործողությունները, կոշտացրել է հռետորաբանությունը Եվրամիության, դաշինքի անդամների և եվրոպացի առաջնորդների դեմ։
Տասնամյակներ շարունակ Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիայի հետ, ինչպես փաստաթղթում ընդգծում են եվրոպացի առաջնորդները, Միությունը ռազմավարական շահեր և փոխշահավետ համագործակցություն ունի, հետևաբար կարևորում է այդ երկրի հետ շփումների խողովակների պահպանումը։
Ուրբաթ օրը ընդունված այս հայտարարությունը ըստ էության վկայում է, որ Եվրամիության առաջնորդները համաձայնության չեն հասել քննարկվող տարբերակների շուրջ կամ հետաձգել են դրանք․ խոսքը Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու կամ թուրքական տնտեսության խոշոր ոլորտների դեմ առավել ընդարձակ պատժամիջոցների մասին է։
Այդուհանդերձ, Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում Եվրամիության քայլերը որակել է «կողմնակալ և ապօրինի»։
Բրյուսելում ընդունված որոշումներին զուգահեռ, ամերիկյան իշխանությունները ևս պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել դաշնակից Թուրքիայի դեմ ռուսաստանյան հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության տվյալներով` սահմանափակումների մասին Վաշինգտոնը կարող է հայտարարել «ցանկացած պահի», ընդ որում կիրառվելու է «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը, և ակնկալվում է, որ կթիրախավորվեն նախ և առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունն ու դրա ղեկավարությունը։
Դեռևս պաշտոնապես չհաստատված այս լուրի միայն հրապարակումն անմիջապես ազդել է մինչ այդ էլ ցնցումների մեջ գտնվող թուրքական լիրայի վրա։ Ամերիկյան պատժամիջոցները սպառնում են վնասել թուրքական խոցելի տնտեսությունը, որն արդեն iիսկ դժվարությամբ է պայքարում համավարակի հասցրած վնասների, երկնիշ սղաճի դեմ՝ սպառելով արտարժութային պահուստները։
Տարածաշրջանում Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցը և ՆԱՏՕ-ի կազմում Նահանգների երկարամյա գործընկերը 2017 թվականին, անտեսելով դաշնակիցների հորդորները, թանկարժեք գործարք է կնքել Ռուսաստանի հետ` դրա շրջանակում ձեռք բերելով S-400 զենիթահրթիռային համալիրներ։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել ռազմական միությանը: Վաշինգտոնն, իր հերթին, մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ, միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը շարունակում էր անտեսել Կապիտոլիումի բլրից հնչող հորդորները՝ Էրդողանի կառավարությանը պատժելու վերաբերյալ։ Պետքարտուղարությունը, այդուհանդերձ, շարունակաբար նախազգուշացնում էր՝ Վաշինգտոնն անպատասխան չի թողնի ռուս-թուրքական գործարքը, այդ թվում՝ սպառնում էր սառեցնել Անկարայի մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության և շահագործման ծրագրին:
Անցած երեք տարիների ընթացքում, սակայն, Թուրքիայի իշխանությունները ոչ միայն ավարտին հասցրին Մոսկվայի հետ 2,5 միլիարդ դոլարի արժողության գործարքը, այլ նաև հայտարարեցին հետագայում ևս անհրաժեշտության դեպքում այլ ռուսական սպառազինություն ձեռք բերելու հնարավորության մասին:
Այսօր էլ, անդրադառնալով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի մտադրությանը, նախագահ Ռեջեփ Էրդողանն այն անարգանք է որակել։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Միացյալ Նահանգները նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան դաշինքի հինգ կարևորագույն երկրներից մեկն է, այնպես որ Թուրքիան սովորական երկիր չէ»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է Էրդողանը՝ հավելելով․ - «Եթե նախկինում պարոն Թրամփը կամ Օբաման հպարտությամբ ասում էին, որ ՆԱՏՕ-ն այնպիսի երկիր ունի, ինչպիսին Թուրքիան է, ապա այսօր ԱՄՆ-ը կիրառում է «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։ Սա անարգանք է ՆԱՏՕ-ի կազմում շատ կարևոր գործընկերոջ նկատմամբ։ Ես դա այդպես եմ տեսնում»։