Մատչելիության հղումներ

Բորելը շեշտում է՝ Թուրքիայի պահվածքում բարելավումներ չկան


Երկրաբանական հետազոտություններ իրականացնող թուրքական «Յավուզ» նավը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, արխիվ
Երկրաբանական հետազոտություններ իրականացնող թուրքական «Յավուզ» նավը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, արխիվ

Վերջին ամիսներին Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում ծագած ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև ավելի է խորացել․ սա է այն հիմնական հետևությունը, որին հանգել են Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած դռնփակ նիստի արդյունքում։ Երեկ երեկոյան մի քանի ժամ շարունակված քննարկումների որոշ մանրամասներ էր հաղորդում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Բոլոր նախարարները եզրակացրեցին, որ Թուրքիայի պահվածքում որևէ հիմնարար փոփոխություն նկատելի չէ։ Հակառակը, մի շարք առումներով իրադրությունը վատթարացել է», - հայտարարում էր Բորելը։

Հիշեցնենք, Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները սկսեցին վատթարանալ այս տարվա ամռանը, երբ Անկարան ակտիվ երկրաբանական հետախուզություն սկսեց իրականացնել Միջերկրական ծովի արևելյան՝ էներգակիրներով հարուստ հատվածում։ Հունաստանն ու Կիպրոսը պնդում էին, որ թուրքական հետազոտական նավերն այդ աշխատանքներն իրականացնում են իրենց ծովային տարածքում։ Այս հարցում Աթենքի և Նիկոսիայի գլխավոր դաշնակիցը Ֆրանսիան էր, որը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարների՝ հոկտեմբերին կայացած հավաքի ընթացքում հանդես եկավ Անկարային վերջնագիր ներկայացնելու նախաձեռնությամբ։ Դրանով նախատեսվում էր, որ եթե մինչև դեկտեմբեր Անկարայի ագրեսիվ գործողությունները հարևանների հանդեպ չդադարեն, ապա Եվրամիությունը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Պատժամիջոցների բուն էության շուրջ, սակայն, մինչ օրս որևէ հստակություն չկա։ Ինչպես և կարելի էր ենթադրել, առավել կոշտ պատժամիջոցների, նախ և առաջ՝ Թուրքիային սպառազինությունների մատակարարման էմբարգոյի առաջարկով են հանդես գալիս Անկարայի հետ վեճի անմիջական մասնակիցները՝ Կիպրոսը և Հունաստանը։ Նախօրեին կայացած նիստի ավարտին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նշում էր․ - «Թուրքիան շարունակում է միջազգային իրավունքի նորմերի ոտնահարմանն ուղղված պահվածք ցուցաբերել, այն էլ՝ խիստ անընդունելի շրջանակներում։ Հունաստանին պատերազմով սպառնալով՝ Թուրքիան 12 մղոնով առաջ է բերել իր ծովային սահմանները, ինչը սադրանք է արդեն ողջ դաշինքի նկատմամբ»։

Ժոզեպ Բորելի խոսքով, այդուհանդերձ, Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, կիրառման դեպքում էլ՝ դրանց խստության աստիճանը, պարզ կդառնա առաջիկա օրերին, երբ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները վերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ ազգային կառավարությունների հետ քննարկելով այս հարցը։

«Արտգործնախարարների կողմից իրադրությանը տրված գնահատականը դրական չէ։ Յուրաքանչյուր արտգործնախարար կքննարկի ստեղծված կացությունն իր պետության, կառավարության ղեկավարի հետ՝ այս շաբաթ կայանալիք վճռորոշ գագաթնաժողովից առաջ», - հայտարարում էր Բորելը։

Եվրամիությանը մոտ կանգնած աղբյուրները, ի դեպ, չեն բացառում, որ Թուրքիայի դեմ սահմանվող համաեվրոպական պատժամիջոցները, գոնե այս փուլում, առավելապես խորհրդանշական բնույթ կրեն։

«Աթենքի համար լավագույն տարբերակը կլինի, եթե ԵՄ խորհուրդը դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի ընթացքում հանձնարարի Ժոզեպ Բորելին պատժամիջոցների հնարավոր ցանկ կազմել, որոնք կկիրառվեն, եթե Թուրքիան շարունակի սրել իրադրությունը», - այսօր գրում է ԵՄ ներքին անցուդարձը լուսաբանող Euractiv կայքը։

Ինչ վերաբերում է Թուրքիային սպառազինության մատակարարումների էմբարգո սահմանելու հնարավորությանը, ապա Եվրամիությանը մոտ կանգնած աղբյուրները իրադարձությունների նման զարգացումը գրեթե անհավանական են համարում։ Բանն այն է, որ նման որոշումը պետք է միաձայն կայացվի։ ԵՄ անդամ մի շարք խոշորագույն պետություններ, մինչդեռ, Թուրքիային սպառազինության առաջատար մատակարարներ են հանդիսանում։ Այսպես, Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 2015-ից 2019 թվականներին Անկարան սպառազինության մի զգալի մասը գնել է ԵՄ պետություններից, այդ թվում 24 տոկոսը՝ Իտալիայից, և 19 տոկոսը՝ Իսպանիայից։ Եվ այսօր պատահական չէ, որ հենց այս երկրներն են ակտիվորեն հակադրվում Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառման հեռանկարին։

Անկարայի դեմ ավելի մեղմ մոտեցման կողմնակից է նաև Գերմանիան։ Բանն այն է,որ Բեռլինը ամիսներ առաջ մեծածավալ մի պայմանագիր էր կնքել Անկարայի հետ, որի համաձայն առաջիկայում Թուրքիա են մատակարարվելու գերմանական արտադրության 214TN մակնիշի վեց սուզանավեր։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետների պնդմամբ՝ եթե այս գործարքն ի վերջո կյանքի կոչվի, ուժերի հարաբերակցությունը Միջերկրական ծովում կտրուկ կերպով կփոխվի հօգուտ Թուրքիայի։ «Գերմանական սուզանավերի հնարավոր մատակարարումը Աթենքի գլխավոր մտահոգություններից մեկն է», - նշում են եվրոպական աղբյուրները։

XS
SM
MD
LG