Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հնարավոր է պատժամիջոցներ սահմանեն Թուրքիայի հանդեպ՝ Վաշինգտոնը՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության հրթիռները գնելու, Բրյուսելը՝ Միջերկրականի արևելքում էներգակիրների պաշարների հետազոտումը շարունակելու համար։
Reuters-ը, վկայակոչելով չորս տարբեր աղբյուրներ, որոնցից երկուսը ամերիկացի պաշտոնյաներ են, հաղորդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիմելու երկար սպասված այդ քայլին։ Նույնիսկ հնարավոր է պատժամիջոցների մասին հայտարարվի դեկտեմբերի 11-ին, իսկ մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ դա կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի ռազմարդյունաբերությունը և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Դեռևս պաշտոնապես չհաստատված այս լուրի միայն հրապարակումը իսկույն ազդել է թուրքական լիրայի վրա, որն ավելի է արժեզրկվել։ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են վնասել Թուրքիայի տնտեսությունը, որն առանց այդ էլ պայքարում է կորոնավիրուսի պատճառած վնասների, երկնիշ սղաճի դեմ՝ սպառելով արտարժութային պահուստները։
Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երկարամյա գործընկերն է, տարածաշրջանում համարվել է Վաշինգտոնի դաշնակիցը, Reuters-ի աղբյուրները պնդել են, որ պատժամիջոցներն անխուսափելի են։ Վաշինգտոնը երկար է սպասել, որ Անկարան կփոխի իր կուրսը, բայց հիմա պատրաստ է գործել։ Պենտագոնը պատժամիջոցների վերաբերյալ հարցեր է ուղարկել Պետդեպարտամենտ։
Պատժամիջոցներն ամենայն հավականությամբ կզայրացնեն Անկարային, ինչպես նաև լրջորեն կբարդացնեն նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հարաբերությունները Թուրքիայի հետ։
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան ու կարող են վնասել ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև հարաբերությունները։
Թուրքիան ռուսական հրթիռային համակարգերը ձեռք է բերել անցյալ տարի, իսկ անցած հոկտեմբերին փորձարկում է իրականացրել։ Անկարան հայտարարել էր, թե S-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին ու սպառնալիքներ չեն ստեղծի, առաջարկելով այդ խնդրով աշխատանքային համատեղ խումբ ստեղծել։
Բրյուսելում Եվրամիության առաջնորդները մտադիր են համաձայնեցնել Թուրքիայի որոշ քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց ըստ Եվրամիության գագաթնաժողովի հայտարարության նոր նախագծի՝ կոշտ քայլերը հետաձգվելու են մինչև գալիք մարտ ամիսը; Բրյուսելը մտադիր է համակարգել հնարավոր ապագա քայլերը ԱՄՆ նորընտր նախագահ Ջո Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։