Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների գագաթաժողովը


Բրյուսելում այսօր մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որի օրակարգում ընդգրկված մի շարք հրատապ թեմաներից է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։

Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օգտին են հանդես գալիս Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը։ Քննարկվող թեմաներից է նաև Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների հետագա հստակեցումը։ Լոնդոնի և Բրյուսելի միջև՝ «Բրեքզիթ»-ից հետո ծագած գլխավոր տարաձայնությունները վերաբերում են բրիտանական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտքին։

ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ առաջիկա երկու օրերին ԵՄ ղեկավարներին կհաջողվի այս խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։

«Մեր ցանկությունը Մեծ Բրիտանիային աշխարհի խոշորագույն եվրոպական շուկայից օգտվելու հնարավորություն ընձեռելեն է։ Դա սակայն չպետք է արվի ի հաշիվ եվրոպացի աշխատողների և եվրոպական ընկերությունների։ Մեզ առայժմ չի հաջողվել հասնել ցանկալի հավասարակշռության, բանակցությունները շարունակվում են իսկ վերջնական որոշումը կկայացվի կիրակի օրը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

XS
SM
MD
LG