Մատչելիության հղումներ

Դադիվանքում այսօր պատարագ է մատուցվել, վանահայրը անհամբեր է` շուտով կվերադառնա


«Դադիվանքը մերն է, մերն է», - Դադիվանքի վանահայրը այս խոսքերն ասում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Տեր Հովհաննեսն այստեղ է Քարավաճառը հանձնելու օրից։ Վեհափառի տնօրինությամբ է եկել. «Երբ Վեհափառ Հայրապետն արդեն տեղյակ էր, որ առողջական խնդիր ունեմ, արդեն 2 ամիս է` այն հիվանդությունը ֆիզիկապես և հոգեպես արդեն ճնշել էր, եկա: Արդեն բուժումների մեջ եմ, բայց և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ես ժամանակավոր նշանակվեցի Սուրբ Երրորդություն եկեղեցում»:

Ժամանակավոր է, վերադառնալու եմ, պնդում է Դադիվանքի քահանան. «Ես չեմ փախել, չեմ թաքցնում իմ տեղը, ես իմ ժողովրդի հետ եմ, ես շուտով կվերադառնում»: Իսկ վանքում աղոթքը չի ընդհատվել, Տեր Հովհաննեսին այնտեղ փոխարինել են Մայր Աթոռից մեկնած միաբաններ՝ քահանաներ, սարկավագներ: Այսօր էլ վանքում առաջին պատարագն են անցկացրել շրջանը հանձնելուց հետո։

Ստեփանակերտից ավտոբուս է մեկնել դեպի Քարվաճառ՝ Գետավանի հատվածից ավտոբուսները շարժվել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Վրթանես սրբազանը, որ այս օրերին փոխարինում է Արցախի թեմի առաջնորդին, Դադիվանքից վերադարձի ճանապարհին էր. «Մենք հայտարարություն արեցինք մեր քահանաների միջոցով, որ ուխտագնացության պատրաստվեն, և այսօր մենք մեկ ավտոբուս մեր հոգևորականներով և քաղաքացիական հավատացյալ մարդիկ Ստեփանակերտից այցելեցինք Դադիվանք, պատարագ տեղում մատուցեցինք և ուղեկցությամբ մեր խաղաղապահների, ամեն ինչ բարեհաջող, և վերադառնում ենք արդեն Ստեփանակերտ»:

Դադիվանքում հայ հոգևորականները շարունակելու են մնալ, տարածքում ադրբեջանցիներ չկան, միայն ռուս խաղաղապահներ, նրանք հենց վանքի տարածքում են: Տեր Հովհաննեսն ասաց` նրանց վանական տարածքում գիշերելու հնարավորություն է տրվել. «Այս պահի դրությամբ Դադիվանքում չեն կարող լինել ավերածություններ, քանի որ խաղաղապահ զորքը պահում-պահպանում է և՛ տարածքը, և՛ եկեղեցին, այնտեղ ուրիշ բան չի կարող լինել»:

Վանական համալիրի զանգերը, խաչերը տեղում են, իսկ խաչքարերն ամեն դեպքում տեղափոխվեցին Մայր Աթոռի տարածք։ Տեր Հովհաննեսը նկատել է՝ ադրբեջանցիներն էլ են մտմտում Դադիվանքի բացառիկությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու տարբերակներ, թե ինչ բովանդակությամբ, հայտնի չէ. «Փորձում են իրենք էլ օտարներին բերեն որպես տուրիստներ, որպես այցելուներ գան տեսնելու, բայց իրենք չեն հասկանում` ինչքան այցելու գա, և ապացույցը կլինի, որ այս եկեղեցին, այս տարածքը, այս հողը հայ քրիստոնյան է ապրել, ստեղծել, արարել»:

Այս օրերին բազմաթիվ տեսանյութեր են տարածվում ադրբեջանական աղբյուրներից, քահանան ապշում է՝ ադրբեջանցիները կռվում են ննջեցյալների շիրիմների, խաչքարերի, հնագույն հուշարձանների դեմ. «Իրենք վանդալներ են, արդեն ապացուցել են Շուշիիում. Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կոչվում է Կանաչ Ժամ, արդեն իրենց ձեռագիրը դրել են այնտեղ: Իրենք կռվում են նաև ոչ թե կենդանի ժողովրդի հետ, այլ կռվում են նաև զոհվածի հետ»:

Դադիվանքի վանահայրը եկող շաբաթ պատարագ է մատուցելու Սուրբ Երրոդություն եկեղեցում, այստեղ է հրավիրում նաև դադիվանքցիներին, որ գյուղը լքեցին տները համատարած կրակի տալուց հետո: Այս եկեղեցու համայնքն էլ Տեր Հովհաննեսին անծանոթ չէ` մինչև Քարվաճառ մեկնելը՝ 12 տարի առաջ, Սուրբ Երրորդություն եկեղեցում է հոգևոր ծառայություն մատուցել։ Այնուամենայնիվ, անհամբեր սպասում է Դադիվանք մեկնելու օրվան: Երկու շաբաթից, ասաց, «տեղում կլինեմ, կպատարագեմ»: «Ես անհանգիստ եմ, ես անքուն գիշերներ եմ անցկացնում: Իսկ Դադիվանքում ապրելով` ապրում եմ իմ տան մեջ»:

Ադրբեջանին հանձնված արցախյան համայնքների թիվը հստակ է` 121: Թե որքան պատմամշակութային գանձեր են մնում այդ հողում, առայժմ հստակ հաշվարկ չկա: Վաղը` ժամը 18:00-ից Ադրբեջանին է հանձնվում նաև Ծիծեռնավանքը` 4-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցին, որ նույնատիպ կառույցների մեջ միակ կանգունն է։ Ի տարբերություն Դադիվանքի՝ այստեղ ռուս խաղաղապահներ չեն լինելու:

Ծիծեռնավանքը ուխտատեղի է, իսկ մինչև ազատագրումը ադրբեջանցիներն այն գոմ էին դարձրել անասունների համար: Ի՞նչ է լինելու հիմա. Քաշաթաղի շրջանը Ծիծեռնավանքի ու այլ գանձերի հետ հանձնվում է վաղը: Ծիծեռնավանք գյուղում մռայլ ակտիվություն է, մարդիկ իրերն են հավաքում: 20 տարի առաջ այստեղ հաստատված Հարություն Հարությունյանի աչքը վանքին է. «Կարայի շուտ գնայի, բայց չի ստացվում էլի, մինչև վերջին պահն ուզում եմ մնալ գյուղում»:

Հեռանում է այնտեղ, որտեղից եկել էր` Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղ: Հավատում է, որ իր թոռները կամ ծոռները մի օր վերադառնալու են Ծիծեռնավանք. հենց այդ պատճառով էլ ո՛չ տունն է քանդել, ո՛չ էլ այգում մի ծառ կտրել:

XS
SM
MD
LG