Մատչելիության հղումներ

Ամերիկահայ բուժքույրերն ԱՄՆ են վերադառնում հիացած վիրավոր զինվորների ամրությամբ


Ամերիկահայ բուժքույրեր Էրիկա Ռեգանյանը, Սառա Կապտերյանը, Անահիտ Հոխիկյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը դեպի Հայաստան մեկնող օդանավում էին, երբ իմացան՝ հրադադար է, պատերազմն ավարտվել է։ Ասում էին՝ արդեն գիտեին՝ ինչ մեծ են կորուստները, պատկերացնում էին՝ աշխատանքը ծանր է լինելու. «Ուզում էինք անպայման օգնած լինեինք մի ձևով մեր զինվորներին, այո, ֆինանսով բոլորն էլ օգնում են, բայց մտածեցինք` ինչո՞ւ ոչ, եթե կարող ենք գնալ, որպես օգնություն ցույց տալ բժշկական ձևով` իմանալով, որ արդեն շատ կարիք կա»:

Չորսն էլ 5-6 տարեկանից Միացյալ Նահանգներում են ապրում՝ Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում։ Ընտանիքները 90-ականներին են տեղափոխվել օվկիանոսից այն կողմ, և փաստորեն նրանք առաջին պատերազմով անցած սերնդի երեխաներն են։ Նոր պատերազմը առիթ եղավ, որ Էրիկան առաջին անգամ վերադառնա Հայաստան, Անահիտն ու Սառան վերջին անգամ 15 տարի առաջ էին հայրենիքում, միայն Լիլիթն էր, որ փորձում է ամառները Հայաստանում անցկացնել. «Մեր սրտներն, ուշք ու միտքը լրիվ փոխվել են, որ նրանք իրոք հերոսներ անվանն արժանի են, ու մենք ավելի շատ իրենց ուզեինք շնորհակալություն ասել, քան որ հակառակը` մենք իրենց օգնենք»:

Հայերեն հաղորդակցվելը մի քիչ դժվար է, բայց դա չխանգարեց զինվորների հետ անկեղծ զրույցներ վարելու համար։ Ասում էին՝ ցավը մեկն է, սրտով են ընկալում. «Կային, որ ավելի փակված էին, ավելի դժվար էին տանում իրենց տեսածները, ապրածները, սկզբում շատ չէին խոսում, շատ տխուր էին, բայց ամեն օր գնալով, այնտեղ իրենց հետ ժամանակ անցկացնելով` վերջում էս քանի օրվա մեջ ահագին բացվել են: Օգնեցինք, որ իրենց մտածելակերպը, իրենց հոգեբանորեն օգնենք, մենք մտածեցինք, որ դա է կարևորը»:

«Հիանալի բան է, որ մենք տեսնում ենք, որ մի սենյակում կարող է լինեն 3-4 վիրավորներ, նրանցից որն ամենաքիչ վիրավորն է, հոգատար զինվորն է այդ սենյակի, կարող է իրենց չայ սարքի, կոֆե սարքի, սեղան դնի իրենց համար, էտ հոգատարությունը մեզ համար ապշելի է, որովհետև իրենք էլ են վիրավոր, բայց իրենք իրար շատ են օգնում»:

«Պալատում Ղարաբաղից հենց ապրող զինվորներ, էսքան բանից հետո, էսքան ցավեր տեսնելուց հետո մի վայրկյան չենք կասկածում, էլի գնում են Ղարաբաղ, էլի ոնց որ պաշտպանեն այդ հողը: Շատ հրաշալի բան է, որ էտ տարիքից` 19-20 տարեկան, ու իրենց մեջ էտ փափագը կա, որ էտքան բան տեսնելուց հետո հետ գնան ու պահեն իրենց երկիրը»:

15 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույրերը հիացմունքով էին խոսում հայկական բուժանձնակազմի մասին. աշխատում են գերծանրաբեռնված: Համեմատականներ անցկացնելով ամերիկյան իրենց փորձի հետ՝ նկատում էին՝ հայ բժիշկներն ու քույրերը սահմանափակ հնարավորություններով հրաշքներ են գործում. «Մեզ մի քիչ անհանգստացրեց, որ տեսնում ենք` ինչքան կարիք կա բժշկության մեջ օգնության առաջ գնալու, ոնց որ շատ զարգացած երկիր է Հայաստանը, կուզենայինք, որ բժշկությունն էլ ամեն ինչով օգնեինք, որ հասներ դրան»:

2 շաբաթ հայաստանյան բուժհաստատություններում աշխատելուց հետո վաղը մեկնում են տուն՝ ԱՄՆ։ Հայաստանից իրենց հետ տանում են նաև զինվորների հեռախոսահամարները, կապը պահելու են, թեկուզ հեռվից էլ փորձելու են օգնել. «Շատ ֆիզիկական վնասներ ունեն, շատ:

Մեզ համար շատ տխուր է, որ պիտի զինվորներին թողնենք»:

Վստահ են՝ մյուս անգամ հանդիպելու են էլի Հայաստանում` լավ առիթով։

XS
SM
MD
LG