Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատի ընդարձակ սենյակում 4 տատիկներ են, այստեղ են տեղափոխվել Ստեփանակերտի ծերանոցից: Երբ քաղաքը հայտնվեց ադրբեջանական ռումբերի տակ, ծերանոցի բնակիչներին տարհանեցին Երևան։
80-ամյա Վերա Գալստյանը Մարաղայում տուն տեղ է կորցրել դեռ 90 ականներին, 92-ի աննախադեպ դաժանություններն այսօր էլ է հիշում․ - «Ես իմ աչքովս եմ տեսալ․․․ մի մառաղ տղա է էլել, միոտանի, սպանել են, դրել մոր սրտի վրա»։
Մարաղայից փրկվածները Նոր Մարաղայում էին տնավորվել, իսկ հիմա դա էլ կորցրին։ Վերա տատիկը պատասխան է ուզում ՝ ինչո՞ւ այդքան զինվորներ զոհվեցին։
Երկու տարուց ավելի է, ինչ Ստեփանակերտի ծերանոցում էր ապրում, այդտեղ տեղափոխվել էր որդու մահից հետո։ Հիմա Երևանի տուն-ինտերնատում բոլորովին չի դիմանում․ - «Խնդրում եմ, թող մեր պրեզիդենտը մեզ տանի։ Ստեղ ապրուստ չկա, մեր ապրիլն ընդեղ ա․․․»
90-ամյա Պայծառ Դադալյանն էլ դժգոհ է, ասում է՝ խաղաղություն է հաստատվել, ինչո՞ւ իրենց չեն տանում հետ՝ Ստեփանակերտի ծերանոց։
Արցախի ծերանոցից այստեղ տեղափոխված տարեցները անհամբեր են ու սպասումից նյարդային։
Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ անընդհատ հուզվում են։ Ալեքսանդր Դանիելյանը կյանքն ադրբեջանցիների հարևանությամբ չի պատկերացնում․ - «Թուրքի հետ հնարավոր չի։ Էն առաջվա շարժման մեջ որ եկալ են, խրամորթ մեր հայերի գլոխը կտրալ են, էդ նույն թուրքերն են էլի»։
Ստեփանակերտը սակայն անվտանգ է համարում, ծերանոցն էլ՝ միակ հասցեն, որտեղ ուզում է վերադառնալ։
80-ամայ Բենիկ Մարգարյանի գյուղն էլ այլևս հայերինը չէ, տունն էլ, այստեղ լսեց, որ չկա, վառել են․ - «Աղջկաս հետ խոսել եմ, թե՝ պապա, չկա, վառալ են, թորքերը վառալ են։ Մենակ մերը չէ, տասնյակ տներ»։
Հադրութի Մեծ թաղեր գյուղի իր տունը վերջին անգամ մտել է սեպտեմբերի 15-ին, հետո խնամող չունենալու պատճառով Ստեփանակերտի ծերանոց է ուղևորվել։
Վազգեն Գաբրիելյանը մի տուն Մարաղայում կորցրեց 90-ականներին, մեկն էլ՝ օրեր առաջ Նոր Մարաղայում։ Այդ տանն անցկացնում էր տաք օրերը, իսկ ձմռանը գնում էր ծերանոց։ Այս տարի բերքը Նոր Մարաղայից հանել չհասցրեց ՝ թնարկում է դառը ափսոսանքով․ - «Մի տոննա նուռ թողեցի, մի տոննա խաղող թողեցի, խնձոր, այվա, զկեռ, պոպոքներ․․․ ամեն բան թողել եմ եկել»։
Հիմա չգիտի, ում տեսնում հարցնում է՝ իր տունն այրե՞լ են․․․ Միջանցքում Արցախի ծերանոցի իր բախտակիցներն են, ու հարցին պատասխանող չկա։
Թիվ մեկ տուն-ինտերնատում այժմ 40 արցախցի տարեց է ապրում։ Նրանցից միայն մի քանիսն են, որ դեմ չեն մնալ այստեղ, կամ բողոքի ձայն բարձրացնելուն են դեմ։
«Որտեղ գնաս, ինչ էլ լինես, պիտի հարմարվես ու ապրես», - ասում է Վազգեն Գաբրիելյանը։
Արցախի սոցապնախարարությունից առայժմ չեն հստակեցնում, թե արդյոք ծերանոցում խնամվողներին վերադարձնելու են Ստեփանակերտ։ Երևանի տուն-ինտերնատի փոխտնօրենը շեշտում է, որ տեղ ունեն, նրանց խնամում են, ինչպես մյուս տարեցներին։
Արցախցի տատիկ-պապիկները լսել են, որ Ստեփանակերտի իրենց տուն-ինտերնատում այժմ անտուն մնացած ընտանիքներ են տեղավորվել, նաև երեխաներ։ Ամենաանհամբերը՝ Վերա Գալստյանը, ուզում է ակտիվ քայլերի դիմել, բայց վարանում է․ - «Քյորփա են էրեխեք են, քյանք ստիպենք հի՞նչ անենք․․․ Բա էն էրեխեքը ո՞ւր տանի պահի»։