85-ամյա Նիկոլայ Ներսիսյանը կրակի դադարի մասին փաստաթղթի ստորագրումից մեկ օր անց շտապել էր Ստեփանակերտ, չնայած անորոշությանն ու թոռների՝ իրեն հետ պահելու փորձերին։
Կատակում է, թե հարազատները իրեն մեկ ամիս Երևանում գերի էին պահում, հակառակ դեպքում ավելի շուտ կգար. «Հայաստան գնացել եմ հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 4-ին գնացել եմ, երեկ չէ մյուս օրը եկա, մի ամիս 10 օր է: Ստի տեղը թողած` ես գնամ Երևան, ո՞նց ապրեմ: Դուրս եմ գալիս, Քանաքեռի ճամփով բարձրանում, գնում վերև, նորից իջնում, գնում, բարձրանում, նորից իջնում, ի՞նչ անեմ բա: Էնտեղ տեղեր ունիմ է սարքած»:
Հպարտությամբ ցույց է տալիս տնամերձ այգին, հավաքած բերքը։ Ճիշտ է՝ մեկ ամսով լքած տնտեսությունը շատ է տուժել, բայց չի նեղսրտում, ասում է` կորած հավերի ու աղավնիների թիվը կրկնապատկելու է և նոր ճագարներ է բերելու. «100 հավ ունեի, հիմա մնացել 12 հատ, տես` ինչ վիճակում է էստեղ, բայց ես սենց վիճակում պիտի՞ թողամ, էս ինչ վիճակ ա»:
Ստեփանակերտ է վերադարձել հրադադարի հայտարարությունից անմիջապես հետո՝ այն օրերին, երբ քաղաքի մեծ մասում դեռ գազ ու հոսանք չկար, իսկ աշխատող միակ հացի փուռը քաղաքի ծայրամասում էր. համառում է, սակայն, այլևս ոչ մի րոպե Արցախը չի թողնելու. «Համ ստեղ չայ եմ եփում, համ տունը տաքանում ա, քաղաքըմը գազ չկա: Չէ, պրծավ, Հայաստան էլ հետ գնալու չեմ, ստեղ էլ պիտի մահանեմ, Հայաստան գնալու պետքը չի»:
Բակ մտնելիս Նիկոլայ Ներսիսյանն առաջինը ցույց է տալիս մարշալ Հովհաննես Բաղրամյանի նկարը։ Զայրանում է՝ ինչպե՞ս կարող էր մարշալներ ունեցող ազգն այսպիսի պարտություն կրել. «Հայերը 500 քանի հատ մարշալ են տվել, 110 հերոս են տվալ, բա Բաքուն, Ադրբեջանը ի՞նչ է տվալ, թուրքը ի՞նչ, ոչ մի բան չունի, բանակ ունի, մարշալ չունի, ծով ունեն, անուն չունի»:
Բաղրամյանի կողքին էլ Ստալինի նկարն է։ Չնայած շատերն են ասել, բայց պատից իջեցնել չի պատրաստվում, ասում է` պատմությունից պետք է դասեր քաղել, ոչ թե մոռանալ, իսկ քաղաքական ղեկավարությունը, ըստ 85-ամյա ծերունու, ոչ մի հետևություն էլ չի արել. «Ես պատմությունը գիտեմ է. 1915 թվին մեր Անդրանիկ զորավարը, նա ռուսներին ենթարկված չի, ու ռուսները դեմ են դուրս եկել իրան, թուրքերին սովորացրավ, թուրքերը գնացել են, մեր Հայաստանի վրա կռվալ, էն Արևմտյան Հայաստանը վերցրել: Նրանից հետո եկան, եկան 20 թվին նորից մերոնք, ու էս որ ասում եմ` Թևան ա եղել Ղարաբաղում, էտ Թևանն էլ չի ենթարկվել ռուսներին, ենթարկվել չէ, նրանք էլ մեզ հետ լավ չեն վերաբերվալ, էլի թուրքերին սովորեցրել են, Շուշին կրակի տվել, պաժառ տվել: Հիմա սա ա, ասում ա` դու իմ ներքին գործերին մի խառնվի, Պուտինը թողեց, Թուրքիան էլ միջամտավ, դե գնա, դե էտ օրը գցեցին մեզ, էլի նույնն ա, Պուտինն ասել ա` կկանգնացնիմ, համաձայնել չի էս մեր վարչապետը: Ասել ա` մունք հաղթելու ենք, պետքը չի, ըտեղ մենք հաղթել ենք, բա Ադրբեջանը… ժուլիկ ազգ ա էլի, բերավ վարձկաններ, Թուրքիան գիտես` քանի հազար զինվոր ուներ, միլիոններ ունի է, ինքն էնքան ժողովուրդ չունի, ինչքան իրեն զինվոր ունի»:
Ցույց է տալիս 90-ականների պատերազմից վնասված ու վերանորոգված կտուրն և ասում՝ կվերականգնեն նաև 2020-ի ավերածությունները։