Մատչելիության հղումներ

Ադրբեջանցու հետ տները փոխանակած փոքրայրումցին ասում է՝ պատերազմում պարտվելու համար բոլորս ենք մեղավոր


Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազվանը 32 տարի առաջ հայերեն ոչ մի բառ չգիտեր, երբ ստիպված էր Բաքվում կիսատ թողնել կրթությունն ու բռնագաղթել Հայաստան։ Ադրբեջանում հակամարտության առաջին օրերի, այնտեղ հայերի համար առաջացած վտանգների ու պատերազմների մասին մտքերը համադրում է ու շեշտում՝ այս պատերազմում պարտվելու համար բոլորս ենք մեղավոր։

«Ամեն ինչ, ինչ որ արվել է այս 30 տարվա ընթացքում, նպաստել է նրան, որ մենք այսօր պարտվենք: Ես էլ եմ մեղավոր, ես ինձ մեղավոր եմ ճանաչում, ինչո՞ւ, որովհետև ժամանակին, երբ որ ես մի վատ բան էի տեսնում, ասում էի՝ լավ էդ իմ գործը չի, ոչինչ էս մի բանին էլ կդիմանանք, բայց այսպես չի կարելի», - ասաց Այվազյանը:

Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի իրենց կուրսում 24 ուսանողների ուղիղ կեսը հայեր են եղել, բայց ընդամենը մի քանի օրում բոլորն ստիպված էին փախչել Հայաստան։ Իրենց ընտանիքը փորձել է մինչև վերջ դիմակայել։ Տեղի իշխանություններն անգամ հորդորել են մնալ, բայց այլևս անհնար էր, պատմում է հայրը՝ Կառլեն Գաբրիելյանը։

«Գնացել էր, վերջին օրն էր, որ պիտի ես գնամ թույլտվություն ստանամ, որ կարողանամ վերադառնամ, ասաց՝ Կառլեն, դուք էլ ես ուզո՞ւմ գնաք, ասացի՝ բա ինչպե՞ս կարող եք պատկերացնեք, որ ես մնամ ստեղ: Մեզ համոզում էին, որ ոչ մի բան չի լինի, բայց այնպես ստացվեց, որ էդ բոլորն ի չիք դարձավ, ու մենք ստիպված փախանք», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

Անցած երեք տասնամյակներին լեզու են սովորել, կրթություն ստացել, գյուղին ու գյուղի գործերին կպել։ Պատմում են, որ Փոքր Այրումում իրենք ապրում են այն ադրբեջանցիների տանը, որոնք Բաքվի իրենց տան տերն են դարձել։ Փոխանակել են։

«Հունվարի 4-ին գնացել են ամուսիններով Բաքու, գնացել են տեսել՝ թուրքը նստած ա մեր տանը: Բարեհամբույր մարդիկ էին, իրենք ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել, ընդհակառակը՝ օգնել են ամեն ձև, որ մենք էդ փոխանակումը նորմալ կատարենք: Հիմա ովքեր որ Բաքվում ապրում են մեր տանը, մենք ապրում ենք իրենց տանը», - ասաց Սոֆյա Այվազյանը:

Իրենց բնակավայրից հարկադրաբար հեռացած հայերը խոսում են հանցագործությունների մասին, որոնք տեսել են 1988-ին Ադրբեջանում հայերի նկատմամբ։ Շեշտում են, որ օրեր առաջ դադարեցված պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ պատերազմական հանցագործություններ տեղի ունեցան։

«Երբեք չի կարելի, իմանալով հանդերձ, որ դու գործ ունես հանցագործի հետ, լինել թույլ: Մենք պետք է վաղուց հասկացած լինեինք, որ մենք հենց առաջին օրվանից էլ պետք է և՛ զինվեինք, և՛ ուժեղանայինք, և՛ ամեն ինչ անեինք, որ մենք մեր ամեն ինչն ինքնուրույն ունենայինք, բայց մենք ոչ մի քայլ չենք արել, մենք մատը-մատին չենք տվել, դղյակներ ենք կառուցել, դղյակներով պաշտպանվեք հիմա, կարա՞ք պաշտպանվեք», - նշեց նա:

Մանկավարժն ասում է՝ իր աշակերտների հետ զրուցելիս միշտ փորձում է մեղմել թշնամանքը, չխոսել առճակատումների մասին, բայց համոզված է, որ պատերազմներն են սրում ատելությունը. «Ես չեմ ատում սովորական մարդուն, ես հասկանում եմ, որ այն ցավը, որ ապրում է հայ մայրը, նույն ցավով տառապում է նաև թուրքի, ադրբեջանցու մայրը, բոլորը կորուստ են ունեցել, հիմա սգալու են ու դարերով դա դուրս չի գալու: Դա այնպիսի բախում է, այնպիսի ցավ է տված այդ երկու ժողովրդին, որ երբեք այդ ցավի միջից իրանք դուրս չեն գալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG