Լոռու մարզի Ախթալա քաղաքին միացած Մեծ ու Փոքր Այրումների ճամփեզրին պահպանվել են ադրբեջանցիների գերեզմանները։ Գյուղացիներն արդեն երեք տասնամյակ դրանց կողքով անցուդարձ են անում։
Մեծ Այրում գյուղում է ադրբեջանցի գառնարած Մամեդով Մամեդ Ռամազանօղլու գերեզմանը։ Նրա ժառանգները գյուղից հեռացել են երեսուն տարի առաջ, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը։
«Էս Իդնոյի գերեզմանն ա, անունը Իդնոյ ա եղել, անասնապահ ա եղել, նկարել են կով գերեզմանի վրա։ Որ միշտ ձիու վրա ման գալիս ա եղել, ձի են նկարել, որ ձիու վրա նստած ա», - պատմեց գյուղացիներից Պապիկ Առուշանյանը։
Իրար հարևան Մեծ ու Փոքր Այրումների նախկին ադրբեջանցի բնակիչների տներում Ադրբեջանից տեղահանված հայերն են ապրում։ Ադրբեջանցիների գերեզմաններից ընդամենը մի քանի քայլ հեռու է Պապիկ Առուշանյանի տունը․ ցույց է տալիս՝ տարիների ընթացքում ադրբեջանական գերեզմանոցն անխնամ է դարձել, որոշ գերեզմանաքարերի վրա հարվածների հետքեր կան, թանկարժեք տեսակի մի քանի գերեզմանաքարեր անհետացել են։ Բայց երբեմնի ադրբեջանաբնակ գյուղում նախկին բնակիչների գերեզմանները չեն ոչնչացվել․ հատ առ հատ կարդացվում են բոլոր փորագրությունները մահացածի կենսագրության, անգամ արհեստների մասին՝ հովիվ, դերձակ, վարորդ, թե զինվորական։ Մի հատվածում նույնիսկ ցանկապատն է պահպանվել։
«Իրանք քարերը հանել են տարել, էդ ա։ Տարել են իրանց համար մշակել, իրանց գերեզզմանների վրա դրել, մնացած ոչ մի բան չեն արել», - ասաց Պապիկ Առուշանյանը։
Նա Ադրբեջանի Խանլարի շրջանում չորս միավորված հայաբնակ գյուղերի երկար տարիների գյուղապետն է եղել։ Եկել հաստատվել է Մեծ Այրումում ու այստեղ էլ գյուղի ղեկավար դարձել։ Ասում է՝ Խանլարում գյուղապետ եղած տարիներին հայկական երեք գյուղերի գերեզմանատներում սգո սրահներ է կառուցել։ Հայաստան գալուց հետո լուր է ստացել, որ ադրբեջանցիները հողին են հավասարեցրել հայկական գերեզմանատներն ու իր կառուցած սգո սրահը հարսանյաց տուն դարձրել։
«Սրանք, ուրեմն, գերեզմանները սիրուն մաքրել են, դզցրել ու էդ շենքն էլ շինել հարսանյաց հանդես՝ սրահ, էնտեղ հարսանիքներ են անում, պարահրապարակ են շինել գերեզմանները։ Էդ խաբարը ես ստացել եմ», - պատմեց Պապիկ Առուշանյանը։
Բենիկ Քամալյանը հարևան Փոքր Այրումից է։ Նա էլ հակառակորդ դարձած երկրում թողել է իր տունն ու տեղափոխվել Լոռի։ Ցույց է տալիս այստեղ պահպանված ադրբեջանական գերեզմանատունն ու համեմատում՝ իրենք անգամ հակառակորդի գերեզմաններն են պահպանել, մինչդեռ նրանք սահմանից այն կողմ մնացած մշակութային արժեքներն են վնասում ու ոչնչացնում։
«Տեսնո՞ւմ եք, մի հատ ջարդած քար չկա, ոնց որ եղել ա, էդպես էլ մնում ա։ Որ ջարդեն որպես ի՞նչ, ի՞նչ նպատակով, որ մենք հայրենասեր ենք քարերը ջարդեցինք, չէ, չի լինի։ Հուշաքարեր են էլի, ո՞նց չմնան, վաղն աշխարհիս դրվածքը ո՞նց կլինի, կարող ա խաղաղվի, գան-տեսնեն իրանց հարազատներից», - ասաց Բենիկ Քամալյանը։
Պապիկ Առուշանյանը հակադարձեց․ - «Ոչ եկել են, ոչ էլ կգան, չէ՞ որ թշնամի են մեզ։ Ինձ որ պատանդ են պահել, ուշ եմ եկել ես, հլը ո՞նց կարան ինձ մոտ գան։ Բռնել էին ինձ տարել նստացրել Կիրովաբադի բանտում, հետո թուրք ընկեր տղա, ազատել ա ինձ, բերել Վրաստան բրախել»։
Ադրբեջանում տուն-տեղ ու ունեցվածք թողած այրումցիներն ասում են՝ անգամ զինադադարի պայմաններում իրենց հոգին չի խաղաղվում, քանի դեռ գիտեն՝ իրենց մեծերի գերեզմաններն այլևս չկան, իսկ մշակութային արժեքներն անհուսալի ձեռքերում են։