Մատչելիության հղումներ

Գյումրիում ապաստանած շուրջ 50 արցախցիներ Ստեփանակերտ մեկնեցին


Շուշեցի Զորայր Բարսեղյանն այսօր Լեռնային Ղարաբաղ վերադարձավ։ Նոյեմբերի 5-ին ամեն ինչ թողել ու դուրս էր եկել քաղաքից, որը մի քանի օր անց գրավվեց ադրբեջանական զինուժի կողմից։ Վերադառնում է, բայց որտեղ է մնալու, ինքն էլ չգիտի. «Ես ուզում եմ գնալ, տենց եմ ուզում, հենց առավոտ որոշեցի: Տեղ չունեմ, չէ, գնում եմ, տենամ, մի տեղ կտան էլի, հո դրսում կանգնած չեմ մնալու»:

Այսօր Գյումրիում ապաստանած շուրջ 50 արցախցիներ ավտոբուսներով Ստեփանակերտ մեկնեցին։ Վերադարձողներից էր նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի բնակիչ Լաուրա Բաբայանը։ 60-ամյա կինը պատերազմի սկզբում 5 դստրերի և 13 թոռների հետ Հայաստան էր տեղափոխվել։ Ընտանիքը տարբեր քաղաքներում է ապաստանել: Տիկին Լաուրան Շուշի հարս գնացած 2 դստրերի հետ Գյումրիում էր: Քանի որ դուստրերը վերադառնալու տեղ չունեն, առայժմ կմնան Գյումրիում, իսկ ինքը ու մյուս դստրերի ընտանիքներն այսօր վերադառնում են Ստեփանակերտ, այնտեղից էլ ամեն մեկն իր տուն: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, տիկին Լաուրան Լեռնային Ղարաբաղում կյանքն այլևս անվտանգ չի համարում, քանի որ իրենց գյուղը շրջափակված է Ադրբերջանին հանձնվող տարածքներով. «Նրանց մեջ ո՞նց ապրես, քանի որ ապրել ենք, տեսել ենք, էն ահ ու սարսափը, ամեն ինչը: Չեմ վստահում {խաղաղապահներին}»:

Տիկին Լաուրան գիտի, որ մի քանի համագյուղացիներ արդեն ետ են գնացել Սարդարաշեն։ Իրենք վերջնական որոշում չունեն՝ կմանան գյուղում, թե կտեղափոխվեն: Պատմում է, որ երբ նախկինում կրկին ադրբեջանցիների հարևանությամբ են բնակվել, միշտ էլ վախ են ունեցել. «Մոտիկ է, էլ ոչ անասունի տեր կլինենք, ինչ իմանամ, անտառ գնալ կամ ինչ-որ մի բան, արդեմ վախը սրտներումս, գոնե գիշերներն էլ չենք հանգիստ քնի»:

Տիկին Լաուրան առաջիններից մեկը Արցախ մեկնող ավտոբուսում տեղ զբաղեցրեց: Ժամ առաջ ցանկանում էր տանը սպասող ամուսնուն հասնել:

Ստեփանակերտցի Անուշ Գասպարյանմ այն երջանիկներից մեկն է, որի տունը ռմբակոծություններից չի տուժել: Ամուսինն ու որդին մնացել են Ղարաբաղի մայրաքաղաքում, իրեն Հայաստան ուղարկել։ Համոզված է, որ խաղաղապահների ներկայությունը անվտանգությունը կապահովի. «Պատրաստվել ենք, որ գնանք մեր քաղաքը, շատ ենք կարոտել մեր հայրենիքը, որ այնտեղ խաղաղապահներ կան, երևի արդեն հանգիստ կլինենք»:

Քաշաթաղի Այգեկ գյուղի բնակիչ Ռոզա Շաքարյանը դեռ մնում է Գյումրիում: Վերադառնալ չի կարող, քանի որ Քաշաթաղը մինչև դեկտեմբերի 1-ը վերադարձվում է Ադրբեջանին: 22 տարի տուն ու տեղ է ստեղծել, հիմա ձեռնունայն նստել ու սպասում է մի լավ լուրի։ Արցախ վերադառնալ ցանկանում է, բայց ուր, առայժմ չգիտի. «Ես ոչ մի տեղ հլը որ չեմ գնում, մեր գյուղերը թուրքերն են լցված: Ճանապարհում եմ մյուսներին: Տունս, տեղս, ապրուստս, անասուններս, հավս, ճիվս, ի՞նչ ասեմ, լիքը տունը թողել, փաթել, եկել եմ, ուզում եմ ետ գնամ, բայց ո՞ւր գնամ: Առայժմ որոշված չէ, հլը որ մնում ենք ստեղ, աշենք` հետագայում ինչ կլինի մեր ճակատագիրը»:

XS
SM
MD
LG